Մամոգրաֆիկ հետազոտություն

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ չարորակ նորագոյացություններից ամենահաճախ հանդիպողն է: Յուրաքանչյուր 10 կնոջից մեկի մոտ ախտորոշվում  է այս հիվանդությունը, որի  ընթացքը և բուժումը կախված են հայտնաբերման փուլից: Ուռուցքի վաղ հայտնաբերումը լիարժեք բուժման գրավականն է:

Ներկայումս կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդը մամոգրաֆիան է, որը թույլ է տալիս հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը մինչկլինիկական՝ վաղ փուլում:

Վերջին տարիներին արագ զարգացում է ապրում թվային մամոգրաֆիան: Այն անալոգայինից ունի մի շարք առավելություններ:

Սլավմեդ բժշկական կենտրոնը հագեցել է նորագույն 2020թ-ի, թվային Hologic 3Dimensions™ Mammography System մամոգրաֆով, որի ճշգրտությունը գերազանցում է 2D մամոգրաֆների հզորությանը՝ հայտնաբերելով կրծքագեղձի քաղցկեղը 20-65% առավել դեպքերում: Հետազոտությունը տեսանելի է դարձնում նույնիսկ  3-5մմ չափերով գոյացություններն ու միկրոկալցինտները՝ հնարավորություն տալով ախտորոշել ծորանային քաղցկեղը զրոյական  փուլում:

Նվազագույն ճառագայթման չափաբաժնի պայմաններում, մամոգրաֆը թույլ է տալիս ստանալ բարձր որակի, կրկնակի բարակ շերտերով պատկերներ, ինչպես նաև, ծավալային՝ 2D սինթետիկ և  3D պատկերներ, անկախ կնոջ տարիքից և գեղձային հյուսվածքի խտությունից, իսկ սարքի աշխատանքային կայանն իր մեջ ներառում է ռադիոլոգների բոլոր պահանջները բավարարող ծրագրեր, ինչը թույլ է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում՝ օգտագործելով առաջատար նորարարական մեթոդները:

Մամոգրաֆիան իրականացվում է ինչպես սկրինինգային, այնպես էլ ախտորոշիչ նպատակներով: Սկրինինգային մամոգրաֆիկ հետազոտությունը ամենամյա կանոնավոր հետազոտությունն է, որը կիրառվում է 35-40 և բարձր տարիքի, որևէ գանգատ չունեցող, կանանց խմբում: Ախտորոշիչ մամոգրաֆիկ հետազոտությունը ցուցված է առկա ախտանիշների պարագայում  (շոշափվող գոյացություններ և հանգույցներ, մաշկի փոփոխություններ, պտուկների փոփոխություններ և արտադրություն) ՝ անկախ տարիքային խմբից:

Պացիենտների մոտ 50% հրաժարվում են մամոգրաֆիկ հետազոտությունից    ցավի առկայության պատճառով: Այս սարքը  հագեցած է կոր մակերեսով սեղմակով` դարձնելով հետազոտությունը առավել հարմարավետ  և անցավ:

Ճառագայթային ցածր չափաբաժինը, հետազոտության կարճ տևողությունը, մամոգրաֆիկ պատկերների բարձր որակը, կրծքի կորություն ունեցող հարթակը  հետազոտությունը դարձնում են առավել հարմարավետ բուժառույի համար: