Ոտնաթաթի առաջին մատի «կոճ». հալլուքս վալգուս

Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիա կարող է  առաջանալ տարբեր պատճառներով, դեֆորմացիայի արդյունքում առաջացած «կոճը»՝ բացի էսթետիկ տեսքից, նաև  մի շարք անհարմարություններ է ստեղծում պացիենտի համար:

Պարզաբանում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի՝ օրթոպեդ-վնասվածքաբան Հովնան  Հարությունյանը:

-Ի՞նչ հիվանդություն է ոտնաթաթի առաջին մատի «կոճը». հալլուքս վալգուսը, ո՞րն է առաջացման պատճառը:

-Առաջին մատի կոճը՝ hallux valgus – ը, կամ, որ ավելի ճիշտ է անվանել՝ լայնակի հարթաթաթություն, ոտնաթաթի առաջային բաժնի բնածին կամ ձեռքբերովի դեֆորմացիա է: Տեղի է ունենում 1-ին և 5-րդ նախագարշապարային ոսկրերի առանցքների շեղում. 1-ին մատի դեֆորմացիա:

Կարող է լինել բնածին, որը տեսանելի է արդեն կյանքի առաջին 10 տարիների ընթացքում, կամ ձեռքբերովի. մասնագիտական գործունեությամբ պայմանավորված՝ սպորտսմենների, պարուհիների (հատկապես բալետի պարողների) մոտ, որը ենթադրում է ոտնաթաթի առաջային բաժնի խրոնիկ գերծանրաբեռնվածություն, ինչպես նաև  բարձրակրունկ, նեղ կոշիկներ կրելու հետևանք:

-Կա՞ն արդյոք նախնական ախատանիշներ և հնարավո՞ր է կանխարգելել «կոճի» առաջացումը:

– Վալգուսային դեֆորմացիայի առաջացման նախնական ախտանիշներն են. ներբանային մակերեսի և կոճի շրջանում այրոցի, ծանրության զգացումը, անհարթ մակերեսով քայլելիս ցավ, առաջին մատի շարժումների սահմանափակում:

Եթե չկա բնածին պաթոլոգիա հնարավոր է կանխարգելել հիվանդությունը, բացառելով՝ հիվանդության զարգացման խթան հանդիսացող պատճառները( բարձրակրունկ, նեղ կոշիկներ, ոտնաթաթի խրոնիկ  գերծանրաբեռնվածություն ):

-Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում հիվանդությունն ախտորոշելու համար:

-Ախտորոշումը կատարվում է վիզուալ, պլանտոգրաֆիկ, պլանտոսկոպիկ, ռենտգենոլոգիական տվյալների հիման վրա: Ըստ այդ մեթոդների ախտորոշվում է դեֆորմացիայի աստիճանը՝ 1-ին, 2-րդ, 3-րդ: 2-րդ և 3-րդ աստիճանների դեպքում դեֆորմացիան ներառում է նաև 2-րդ, 3-րդ, 4-րդ ,5-րդ մատները և նախագարշապարային ոսկրերը, որոնք դրսևորվում են մրճանման դեֆորմացիաների տեսքով:

-Որո՞նք են վալգուսային դեֆորմացիաների բուժման եղանակները:

-Կախված բարդության աստիճանից՝ բուժումը կարող է լինել կոնսերվատիվ և վիրահատական: Կոնսերվատիվ բուժումն արդյունավետ է միայն նախանշանների փուլում , որն ի դեպ ինդիվիդուալ է՝ օրթոպեդիկ սուպինատորներ, առանձին մատների կորեկտորներ, օրթոպեդիկ կոշիկներ: Եթե արդեն առաջացել է Hallux valgus, անկախ աստիճանից՝ ամբողջական շտկում  հնարավոր է միայն վիրահատական միջոցով:

-Ինչպե՞ս եք վերաբերվում «կոճի» բուժման ավանդական, ընտանեկան մեթոդներին, ըստ Ձեզ կարող են դրանք արդյունավետ լինել:

-«կոճի» բուժման ավանդական, ընտանեկան մեթոդներին վերաբերվում եմ այնպես, ինչպես կոնսերվատիվ բազմազան այլ մեթոդների: Դրանք անարդյունավետ են: