Քթային պոլիպները դժվարաշնչության  պատճառ

Ներկայումս պոլիպոզ ռինոսինուսիտի բուժումը ժամանակակից օտորինոլարինգոլոգիայի ակտուալ  խնդիրներից է: Քանի որ քթային պոլիպները դժվարաշնչության  պատճառ են հանդիսանում:

Մանրամասնում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ- ականջաբան՝ Լուսինե Սարգսյանը:

Պոլիպոզ ռինոսինուսիտը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթների քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը դրսևորվում է պոլիպների առաջացմամբ և ռեցիդիվող աճով:

Բնակչության մեջ տարածվածությունը կազմում է 1-5%: Երեխաների և երիտասարդների մոտ հանդիպում է հազվադեպ: Առավել հաճախ հանդիպում  է ալերգիկների, բրոնխիալ ասթմայով  հիվանդների մոտ:

Ներկայումս պոլիպոզի առաջացման պատճառները հայտնի չեն, բայց կան գործոններ, որոնք նպաստում են դրանց առաջացմանը.

  1. Ալերգիա– հիվանդների 10-54%- ը ալերգիկ են:
  2. Ասթմա– բրոնխիալ ասթմայով հիվանդների 7%- ի մոտ հայտնաբերվել է պոլիպոզ, իսկ պոլիպոզ  ռինոսինուսիտով հիվանդների 10-15%- ի մոտ կա բրոնխիալ ասթմա:
  3. Ասպիրինի նկատմամբ անտանելիություն – 36-39%- ի մոտ:
  4. Ժառանգականություն – 52%- ի մոտ դիտվում է ժառանգական նախատրմադրվածություն:
  5. Արտաքին միջավայր– միջավայրի ախտոտվածությունը, ծխելը:

Կլինիկա- Հիվանդության  կլինիկական դրսևորումներն  են. քթի փակվածությունը, դժվարացած քթային շնչառությունը, քթից լորձային, լորձաթարախային արտադրությունը, խռմփոցը: Հաճախ դիտվում են գլխացավեր և դեմքի շրջանում ցավեր: Սիմպտոմների արտահայտվածության աստիճանը պայմանավորված է պրոցեսի տարածվածության աստիճանից: Քթի խոռոչի վերին հատվածներում  պոլիպների աճման պատճառով փակվում է հոտառական զոնան, որն արտահայտվում է հոտառության  լրիվ կամ մասնակի կորստով, իսկ քթի հետին հատվածների փակման դեպքում առաջանում է ռինոլալիա /ձայնի տեմբռի և արտաբերման այլ խանգարումներ/:

Դիագնոստիկա – Պոլիպոզ ռինոսինուսիտը ախտորոշվում է գանգատների, անամնեստիկ տվյալների, օբյեկտիվ զննման /ռինոսկոպիա, քթի խոռոչի էնդոսկոպիա/, և դիագնոստիկայի լրացուցիչ մեթոդներով՝ շատ ինֆորմտիվ է հարքթային խոռոչների ԿՏ հետազոտությունը, որը թույլ է տալիս որոշել ոչ միայն պոլիպոզի տարածվածությունը, այլև դեստրուկտիվ փոփոխությունների առկայությունը: Ռենտգեն հետազոտությունը քիչ ինֆորմատիվ է:

Պոլիպոզը պետք է տարբերակել քթի խոռոչի նորագոյացություններից, կիստաներից, խրոնիկ բակտերիալ և սնկային ռինոսինուսիտներից:

Բուժում – Պոլիպոզ ռինոսինուսիտի բուժման նպատակով կիրառվում են և’ դեղորայքային, և’ վիրահատական մեթոդներ, հաճախ կիրառվում է կոմպլեքս մոտեցում: Ներկայիս դեղորայքը թույլ է տալիս կանգնեցնել, թվացյալ առողջացումից հետո, հիվանդության նոր սրացումը, կամ սրացումների  միջև ժամանակահատվածը, բայց ո’չ բուժել: Բուժման  հիմնական միջոց է համարվում  վիրահատական միջամտությունը: