Մայիսը մելանոմայի դեմ պայքարի ամիս

Մելանոման մելանոցիտային ծագման մաշկի չարորակ նորագոյացություն է, որը բնորոշվում է գունագոյացնող բջիջների անվերահսկելի աճով:

Ինչպես նշեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մաշկաբան՝ Դավիթ Հարությունյանը, մելանոման մաշկի չարորակ նորագոյացությունների 5%-ն է կազմում, իսկ մահացության ցուցանիշով առաջինն է:
Մելանոմայի զարգացումը տեղի է ունենում պիգմենտ առաջացնող բջիջներից՝ մելանոցիտներից, որոնք  տեղակայված են դերմո-էպիդերմալ սահմանագծում և պայմանավորում են մաշկի գույնը, երբեմն մելանոմաները լինում են չգունավորված և կոչվում են ամելանոտիկ (ոչ պիգմենտային) մելանոմաներ: Դրանք կարող են զարգանալ մարմնի ցանկացած հատվածում՝գլխի, պարանոցի շրջանում, մեջքի վերին հատվածում, իրանին, սեռակա օրգանների, ստորին վերջույթներին և այլն:

Մելանոմայի առաջացման հավանական պատճառներն ու գործոնները բազմաթիվ են.

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի քաղցկեղի առաջացման առաջնային պատճառ են համարվում: Բարձր լեռնային գոտիներում և արևոտ կլիմայական պայմաններում բնակվող մարիկ գտնվում են բարձր ռիսկային խմբում, այս խմբում են նաև՝ կաթնասպիտակավուն մաշկ, շեկ կամ կարմրահեր, կապույտ աչքեր, պեպեններ ունեցող անձիք, քանի որ նրաք առավել այրվածքազգայուն են:

Արհեստական արևայրուքը /սոլյարի/, որը մեծացնում է մաշկի քաղցկեղի բոլոր տեսակների առաջացման հավանականությունը:

Իմունիտետի պակասուրդը ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի, լեյկոզի որոշ տեսակների ժամանակ, ընկճված իմուն համակարգի դեպքում:

Նևուսների / խալեր / փոփոխությունը գլխավոր նախազգուշացնող ախտանիշներից է: 100 -ից ավել հասարակ նևուսների առկայությունը: 3 և ավելի ատիպիկ (լայն, բազմագույն, անհարթ եզրերով) մելանոցիտային գոյացությունների՝ նևուսների առկայությունը:

Տղամարդկանց բարձր տարիքը 50- 65 և ավելի տարիքային խմբում:

Անամնեզում արևային բշտային այրվածքների բազմակի կրկնվող դեպքեր, այլ օրգանների (հատկապես կրծքագեղձի, վահանագեղձի) քաղցկեղով հիվանդացություն:

Գենետիկ նախատրամադրվածություն հարազատների մոտ նախկինում մելանոմայի հայտնաբերում:

Բժշկի խորհուրդն է պարբերաբար կատարել մաշկի ինքնազննում, հատկապես՝ մեծ քանակությամբ խալերի առկայության և ընտանեկան ծանրաբեռնված անամնեզի դեպքում: Նոր գոյացությունների հայտնաբերման կամ հին գոյացությունների փոփոխման դեպքում՝ անհապաղ դիմել մաշկաբանի կամ ուռուցքաբանի խորհրդատվության: Ինչը հնարավորություն կտա վաղ շրջանում հայտնաբերել հիվանդությունը և բարձրացնել վերապրելիության ցուցանիշը: Բժիշկը հավելեց, որ ներկայումս այս հիվանդության ախտորոշման ամենավստահելի մեթոդը՝ ախտահյուսվածաբանականն է՝ բիոպսիան, որը ինվազիվ է:
Ոչ ինվազիվ հետազոտությունների մեջ ոսկե ստանդարտը դերմատոսկոպիայի մեթոդն է, որը հնարավորություն է տալիս ախտորոշել մաշկի մելանոման զարգացման ամենավաղ փուլում:

Եվ վերջում, եզրափակելով իր խոսքը, բժիշկը խորհուրդ տվեց հիվանդության կանխարգելման նպատակով՝ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և արհեստական լույսի աղբյուրներից: Կիրառել լայն սպեկտրի արևապաշտպան միջոցներ՝ ինչպես քսուքների, այնպես էլ հագուստի, գլխարկի, ակնոցների տեսքով: