«Սլավմեդ» ԲԿ-ն նպաստում է բժշկական տուրիզմի զարգացմանը

Շնորհիվ ժամանակակից բժշկության որոշ ուղղությունների՝ Հայաստանում աստիճանաբար զարգանում է բժշկական տուրիզմը: Բուժօգնություն ստանալու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն այսօր գրանցում է բավականին հուսադրող արդյունքներ։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց «Ս­լավ­մեդ» ԲԿ-ի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը:

Նրա խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն այսօր հնարավորություն է տալիս ազդել ամենատարբեր ոլորտների վրա, այդ թվում՝ բժշկության՝ հնարավորություն տալով բուժայցելուներին առցանց հաղորդակցվել և ստանալ բժշկի անվճար խորհրդատվություն իրենց խնդրին առնչվող հարցերի վերաբերյալ՝ անկախ գտնվելու վայրից:

«Բժշկական տուրիզմի ամենից պահանջված ուղղություններից են՝ էսթետիկ և պլաստիկ վիրաբուժությունը, ստոմատոլոգիական, վնասվածքաբանական, գինեկոլոգիական, կանանց վերարտադրողական օրգանների խնդիրների լուծման հետ կապված բուժծառայությունները:

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը նպաստող բուժկենտրոններից է նաև «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնը, որը տրամադրում է բարձրակարգ ու շահավետ բուժծառայություների հատուկ փաթեթներ ոչ միայն Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների համար, օրինակ՝ դեսպանատների կամ հյուպատոսությունների, այլ նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար»,-ասաց Արման Խարազյանը:

Ա. Խարազյանը նշեց, որ բուժենտրոնը կարևորում է Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարը։ Խստորեն պահպանելով ընդունող երկրում համապատասխան բուժծառայությունների գին-որակ հարաբերակցությունը` զբոսաշրջիկին մինչև Հայաստան ժամանելը առաջարկվում են հատուկ մշակված բժշկական փաթեթներ, որոնք ներառում են և՛ մատչելի գներով ավիատոմսեր, և՛ որակյալ բժշկական ծառայություններ, և՛ անմոռանալի հանգիստ ու էքսկուրսիոն ծրագրեր Հայաստանի նախընտրելի վայրերում:

«Բուժծառայություններ ստանալու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրացին առաջինն ակնկալում է այն արդյունքը, որի համար գալիս է, այնուհետև հնարավորություն է ունենում նաև ծանոթանալ երկրին, մարդկանց, սովորույթներին, ինչու ոչ՝ նաև գումար է ծախսում՝ օգտվելով ժամանցային տարբեր հնարավորություններից, ինչն օգնում է նաև զբոսաշրջային ոլորտին։ Այն տպավորությունները, որոնք նա տանում է իր հետ ավելին են քան լավ մտածված գովազդը, որովհետև իր երկրում նա պատմում է իր անձնական զգացողությունների մասին։ Օտարերկրացին որոշում կայացնելուց առաջ նախ հետաքրքրվում է իրեն ընդունող բուժկենրոնի բուժծառայությունների մատուցման որակով՝ հաշվի առնելով բուժկենտրոնի տեխնիկական հագեցվածությունը, մասնագետի որակավորումը, հիվանդասենյակի կահավորումը և, իհարկե, հետաքրքրող բուժծա­ռա­յության համար կենտրոնում սահ­մանված գինը, ինչը նրա համար հանդիսանում է գին-որակ շահեկան հարաբերակցության երաշխիքը»,- հավելեց Ա․ Խարազյանը։

«Աշխարհի ամենաապահով երկրների ցանկում ընդգրկված մեր երկիրը, լիովին կարող է բավարարել բժշկական տուրիզմի համար Հայաստան այցելած զբոսաշրջիկի ակնկալիքները՝ որակյալ և մատչելի բուժծառայություններ, ապահով ու անվտանգ հանգիստ, էկոլոգիապես մաքուր սնունդ, բազմազան խոհանոց, հյուրընկալ մարդիկ և, իհարկե, հազարամյակների պատմություն ունեցող բացառիկ մշակութային հարստություն: Որքան էլ զբոսաշրջությունը համարենք տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, Հայաստանի մրցունակությունը միայն տուրիզմի վրա չենք կարող կառուցել, բայց այս ոլորտի գրավչությունը և մատուցված ծառայությունների որակը մեծ նշանակություն կունենան բժշկական տուրիզմի և երկրի տնտեսության զարգացման համար»,-եզրափակեց Արման Խարազյանը: