Լրահոս

Դիտել բոլորը

Հղիություն. ի՞նչ անել բարդություններից խուսափելու համար

Կնոջ մայրանալու ձգտումը ոչ միայն գեղեցիկ է, այլև բնականոն: Հղիության վարումը գրագետ, որակավորված բժշկի կողմից առողջ փոքրիկ ունենալու գրավականներից է: Ի՞նչ անել և ի՞նչ չանել կնոջ կյանքի այդ գեղեցիկ ու բարդ շրջանում, ինչպե՞ս լուծել եղած խնդիրները և խուսափել նորերից: «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի հարցերին պատասխանում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանը:

Ինչպե՞ս պլանավորել հղիությունը, որպեսզի խնդիրները նվազագույնը լինեն: https://www.foreverolex.co.uk/

Բնականաբար, առաջին հերթին պետք է ստուգել ընդհանուր առողջական վիճակը. եթե կան խնդիրներ, բուժել դրանք և նոր միայն ծրագրել հղիություն: Կարևոր է բացառել բոլոր վնասակար սովորությունները՝ ծխախոտը, խմիչքը և այլն, ընդ որում՝ խոսքը վերաբերում է նաև ամուսնու ապրելակերպին: Շատ կարևոր է նաև, որ կինը հոգեբանական առումով պատրաստ լինի այդ նոր կարգավիճակին ու պատասխանատվությամբ մոտենա թե´ իր և թե´ փոքրիկի առողջությանը:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ հղիության ընթացքում, և ո՞րն է բժշկի գործառույթը՝ սկզբից մինչև վերջ առանց խնդիրների հղիության ընթացք ապահովելու հարցում:

Բարդությունները բազմազան են, բոլորի մասին խոսել հնարավոր չէ: Յուրաքանչյուր իրավիճակը պահանջում է անհատական մոտեցում:  Բարդություններ կարող են առաջանալ հղիության ցանկացած ժամկետում անգամ այն կնոջ մոտ, ով ցածր ռիսկային գոտում է գտնվում: Բժշկի խնդիրն է՝ ժամանակին հետևել և հնարավորինս կանխել պոտենցիալ բարդությունները:

Կան ԱՆ-ի կողմից մշակված չափորոշիչներ, հետազոտություններ, որոնք պարտադիր են հղիության նորմալ ընթացքի ապահովման համար: Կարևոր է կնոջ ընդհանուր վիճակը պարբերաբար գնահատելը՝ քաշը, որովայնի շրջագիծը, արյան ճնշումը, որոշ լաբորատոր ցուցանիշներ: Հղիության ընթացքում երեք անգամ կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն: Առաջինը ցուցված է 12 շաբաթական ժամկետում,  երկրորդը՝ 18-20 շաբաթական, երրորդը՝ 34 շաբաթական ժամկետում: Առաջինի ժամանակ հաստատվում է հղիության ժամկետը, կատարվում են կարևոր սքրինինգային չափումներ, որոնց նպատակն է հնարավոր քրոմոսոմային շեղումների, կոպիտ արատների բացահայտումը կամ բացառումը: Երկրորդ հետազոտությունը՝ 18-20 շաբաթականում, երբ պտղի բոլոր օրգաններն արդեն ձևավորված են, անցկացվում է արատների առկայությունը ստուգելու համար, շատ մանրամասն գնահատվում է բոլոր օրգաններ-համակարգերի վիճակը: Եվ վերջին ուլտրաձայնային հետազոտության ընթացքում արդեն ինֆորմացիա է հավաքվում՝ ծննդաբերության պրոցեսի կարգավորման համար՝ պտղի դիրքը, քաշը և այլն:

Հղիության բարդացված ընթացքի դեպքում հետազոտությունների ծավալը ընդլայնվում է: Անցկացվում է դոպլերոմետրիկ հետազոտություն, հատկապես այն կանանց, որոնց մոտ առկա  է զարկերակային ճնշման բարձրացում, կան կասկածներ պտղի զարգացման ընթացքի հետ կապված: Դոպլերոմետրիան գնահատում է արյան շրջանառության առանձնահատկությունները մայր-ընկերք-պտուղ համակարգում, գնահատվում է արյան շրջանառության արագությունը արգանդի և պորտալարի զարկերակներում և պտղի որոշ անոթներում:

Հաճախ հղի կանանց խնդիրների խորացման պատճառը զուտ հոգեբանական է: Ինչպե՞ս եք աշխատում կանանց հետ հոգեբանական առումով:

Հոգեբանական որոշակի նրբությունների տիրապետել պարտավոր է ցանկացած բժիշկ: Իսկ հղի կնոջ հոգեբանությունը առանձին կատեգորիա է: Բժիշկը, որը զբաղվում է հղիության վարումով, հետևում է հղիության ընթացքին, շատ կարևոր դեր ունի կնոջ հոգեվիճակի կայունության համար: Մեզ մոտ կանանց կոնսուլտացիային կից գործում է «Մայրերի դպրոց», որտեղ կանանց ամեն ինչ մանրամասն բացատրում են, ինֆորմացիա են տալիս սպասվող ծննդաբերության մասին, զգուշացնում են, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել, ինչից է պետք խուսափել:

Ամենավիճելի թեմաներից մեկը սեռական հարաբերություններն են հղիության ընթացքում:

Եթե հղիությունը նորմալ է ընթանում, ոչ մի հակացուցում չկա հարաբերությունների հետ կապված: Առաջին եռամսյակում խորհուրդ է տրվում հարաբերությունների ինտենսիվությունն ու հաճախականությունը մի քիչ փոքրացնել: Իհարկե, արդեն մեծ ժամկետներում պետք է զգուշորեն ընտրել դիրքերը: Պետք է խուսափել, եթե նկատվում են արյունային արտազատումներ: Իսկ եթե կինը բարձր ռիսկային խմբում է, այդ հարցը կարգավորվում է բուժող բժշկի հետ խորհրդատվության ընթացքում:

Ո՞րն է Ձեր կենտրոն դիմելու առավելությունը հղի կնոջ համար:

Նախևառաջ՝ հմուտ մասնագետնի առկայությունը, մանկաբարձ-գինեկոլոգների երկարատև աշխատանքային փորձն ու նրանց սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ: Կարևոր է նաև կենտրոնի հագեցվածությունը գերժամանակակից սարքավորումներով՝ սկսած բոլոր ախտորոշիչ և լաբորատոր սարքավորումներից, վերջացրած ծննդալուծման ընթացքն ու փոքրիկի հետծննդյան խնամքը ապահովելու հնարավորություններով: Մեր կենտրոնում նաև հատուկ ուշադրություն է դարձվում պացիենտի կոմֆորտին: Ստեղծված են բոլոր պայմանները, որ ծննդաբերության պատրաստվող կինն իրեն առավելագույնս պաշտպանված ու հանգիստ զգա:

Կեսարյան հատո՞ւմ, թե՞ բնական ճանապարհով ծննդաբերություն:

Կեսարյան հատման ցուցումներ կարող են առաջանալ թե՛ հղիության, թե՛ հենց ծննդաբերության ընթացքում: Ցուցումները կարող են լինել բացարձակ, այսինքն` երբ կինը առանց կեսարյան հատման չի կարողանա ծծնդալուծվել առողջ երեխայով, և կարող են լինել հարաբերական՝ երբ ծննդաբերությունը բնական ճանապարհով հնարավոր է, բայց բարձր ռիսկ է պարունակում կնոջ և նորածնի առողջության համար: Եթե կա ցուցում՝ իհարկե պետք է կատարվի կեսարյան հատում: Բայց հղիությունն ու ծննդաբերությունը կնոջ համար նորմալ ֆիզիոլոգիական պրոցեսներ են, և եթե ամեն ինչ նորմալ է ընթանում, գերադասելի է բնական ճանապարհով ծննդաբերությունը:

Կա կարծիք, որ կեսարյան հատումը նվազեցնում է նորից հղիանալու հավանականությունը:

Ո՛չ, չբարդացած կեսարյան հատումը, մանավանդ ժամանակակից տեխնիկայի ու կիրառվող վիրահատանյութերի պարագայում, ոչ մի նման հետևանք չի թողնում: Հատկապես որ մեր երկրում հիմնականում ունենում են 2-3 երեխա: Բայց, իհարկե, կեսարյան հատումը վիրահատություն է՝ իր բոլոր ռիսկերով, դրա համար ցանկալի է անել այն միայն խիստ բժշկական ցուցումներով: Խորհուրդ է տրվում չհղիանալ միջինը 1,5-2 տարի: Ի դեպ, նույնը խորհուրդ է տրվում բնական ճանապարհով ծննդաբերության դեպքում, որպեսզի կինը հնարավորինս երկար կրծքով կերակրի երեխային: Չնայած մի պացիենտ եմ ունեցել, որ հղիացել էր կեսարյան հատումից երեք ամիս անց, ռիսկերը մի քիչ բարձր էին, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, երկրորդ բալիկը նույնպես ծնվեց կեսարյան հատումով:

Ինչպիսի՞ն պետք է լինի կնոջ պահվածքը հետծննդաբերական շրջանում:

Նորմալ, ֆիզիոլոգիական ծննդաբերությունից հետո ինչ-որ արտառոց խորհուրդներ չկան: Իհարկե, ռեժիմը մեղմ, սնունդը՝ լիարժեք-դյուրամարս, և ամենակարևորը՝ սկսել կրծքով կերակրել բալիկին: Այս կետին մեզանում առանձնակի ուշադրություն է դարձվում, քանի որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ միայն կրծքի կաթով, առանց հավելյալ արհեստական սննդի կերակրվող երեխաները մեծանում են ավելի առողջ, ավելի պաշտպանված: Մանավանդ սկզբից, երբ կինը նոր սկսում է կերակրել կաթով, առաջանում է խեժ, որի  միջոցով շատ  կարևոր պաշտպանիչ հակամարմիններ են փոխանցվում երեխային: Մեզ մոտ, ինչպես բոլոր ժամանակակից ծննդատներում, ընդունված է ծննդաբերությունից հետո անմիջապես կոնտակտ մոր հետ և համատեղ կեցություն:

Ինչքա՞ն պետք է կերակրել կրծքի կաթով:

Ինչքան երկար, այնքան լավ: Մեկ-մեկուկես տարի՝ հիանալի կլինի:  Բոլոր նորածիններին հսկում է մանկական կոնսուլտացիան, թե որքան կերակրել միայն կրծքով, երբ ավելացնել հավելյալ սնունդ՝ կարելի է խորհրդակցել բժշկի հետ: Երեխայի մինչև վեց ամսականը ցանկալի է չտալ ոչ մի հավելում, նույնիսկ ջուր:

Վերջերս ոլորտին առնչվող ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը հղիության վաղաժամկետ ընդհատումներն են: Նաև օրենսդրական փոփոխություններ եղան: Ո՞րն է Ձեր վերաբերմունքը: http://www.poweromegas.co.uk/

Հղիության վաղաժամկետ ընդհատման (աբորտների) պատճառները տարբեր են: Ենթադրենք՝ կինը եկել է առաջին ուլտրաձայնային հետազոտությանը, և հայտնաբերել ենք կյանքի հետ անհամատեղելի որևէ խնդիր, կամ պտղի մոտ զարգացման արատներ, օրինակ՝ անէնցեֆալիա (գլխուղեղի բացակայություն): Կնոջը բացատրում ենք իրավիճակը և նրա համաձայնությամբ կատարում ենք հղիության վաղաժամկետ ընդհատում:  Ինչ վերաբերում է կնոջ ցանկությամբ աբորտներին՝ դրանք կատարվում են մինչև 12 շաբաթականը: Մինչև այդ ժամկետը՝ կինը դիմում է հիվանդանոց, դիմում գրում, նրան բացատրվում են հնարավոր հետևանքները, ռիսկերը և բարդությունները, մինչև իսկ հնարավոր տրագիկ հետևանքները, և առնվազն երեք օր է տրվում մտածելու համար: Եթե նա այնուամենայնիվ որոշում է աբորտ անել, երեք օր հետո կարող է դիմել բուժհաստատություն: Ներկայումս աբորտներն արվում են և՛ գործիքային եղանակով, և՛ դեղամիջոցների օգտագործմամբ:

12-րդ շաբաթից հետո աբորտներն արվում են միայն բժշկական կամ սոցիալական ցուցումներով:

Բժշկի վերաբերմունքը աբորտ երևույթի նկատմամբ միշտ բացասական է: Բացի սոցիալական և բարոյական հարցերից, աբորտը ցանկացած դեպքում լուրջ հարված է կնոջ առողջությանը: Հորմոնալ ստատուսի կտրուկ փոփոխությունը, ամեն տեսակ մեխանիկական վնասվածքների ռիսկը, դեղամիջոցների հետ կապված ռիսկերը (քանի որ գործածվում են բավական ագրեսիվ դեղամիջոցներ)… բարդացումների վտանգը մեծ է: Կարող են լինել բորբոքային բարդություններ, կարող է լինել արգանդի խոռոչի տրավմա, որոնք կբերեն անպտղության: Երբեմն վնասն այնպիսին է լինում, որ կնոջ կյանքը փրկելու համար հարկ է լինում ավելի ռադիկալ վիրահատություններ անել: Բայց եթե անգամ ոչ մի բարդացում չլինի, յուրաքանչյուր աբորտը լուրջ փորձություն է կնոջ վերարտադրողական ֆունկցիայի համար:

Աբորտի պրոֆիլակտիկան՝ անցանկալի հղիության կանխումը, գրագիտության հարց է: Տեխնոլոգիաները զարգացել են, կան հսկայական քանակությամբ հակաբեղմնավորիչներ, որոնք թույլ են տալիս ավելի հեշտ ու ժամանակին կանխել չպլանավորված հղիությունը:

Մամուլը մեր մասին

Դիտել բոլորը