Գրագետ և ճիշտ արևապաշտպանություն

Արևի լույսը կարևոր է վիտամին D-ի սինթեզի համար և ունի բարենպաստ ազդեցություն տրամադրության վրա: Այնուամենայնիվ, ուլտրամանուշակագույն ճառագայթումը (290-400 նմ) կարող է մաշկի վրա սուր և խրոնիկ վնասակար ազդեցություններ ունենալ, ինչպիսին օրինակ՝ արևայրուքն է, լուսածերացումը, մաշկի քաղցկեղը և այլն:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մաշկաբան՝ Դավիթ Հարությունյան:

Արևայրուքի, բորբոքման, հիպերպիգմենտացիայի և ֆոտոկարցինոգենեզի համար պատասխանատու ուլտրամանուշակագույն B (290-320 նմ) ճառագայթը՝ UVB-ն երկրի մակերեսին հասնող ուլտրամանուշակագույն ճառագայթման միայն 5 տոկոսն է:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման մոտ 95%-ը, որը հասնում է երկրի մակերևույթին UVA-ն է (320-400 նմ), իր հերթին լինում է UVA1 (340-340 նմ) և UVA2 (320-340 նմ) այն նպաստում են լուսածերացմանը, պիգմենտացիայի, մաշկի քաղցկեղի առաջացմանը:

Ո՞վքեր պետք է օգտագործեն արևապաշտպան միջոցներ. Բոլորը՝ անկախ մաշկի ֆոտոտիպից, ուլտրամանուշակագույն ճառագայթման հնարավոր բացասական ազդեցությունները կանխելու  համար, պետք է օգտվեն արևապաշտպանիչ միջոցներից. արևապաշտպանիչ հագուստ, արևապաշտպանիչ քսուքներ, որոնք ունակ են կլանել ինչպես ուլտրամանուշակագույն B (UVB), այնպես էլ ուլտրամանուշակագույն A (UVA) ճառագայթումը,  հնարավոր վնասները կանխելու կամ նվազեցնելու համար:

Այնուամենայնիվ, արևապաշտպան միջոցները հատկապես օգտակար են բաց գույն մաշկ ունեցող անձանց համար (I, II և III ֆոտոտիպեր), ովքեր առավել ենթակա են ուլտրամանուշակագույն ճառագայթման` սուր (արևայրուք) և խրոնիկական (լուսածերացում, մաշկի քաղցկեղ) անբարենպաստ ազդեցություններին: Արևապաշտպանիչ միջոցները՝ SPF 15-ով, սովորաբար առաջարկվում են ամենօրյա օգտագործման համար: SPF-գործոնը ցույց է տալիս, թե տվյալ արևապաշտպան միջոցը կիրառելու դեպքում արևի ճառագայթների, որ մասը կհասնի մաշկի մակերևույթին և քանի անգամ կմեծանա անձի` բաց արևի տակ անվտանգ մնալու ժամանակը: Լայն սպեկտրով արևապաշտպան միջոցները՝ SPF 30, կամ ավելի բարձր պարունակությամբ, նախընտրելի է օգտագործել բացօթյա աշխատանքներ, սպորտ կամ հանգստի գործունեություն իրականացնելիս:

Ժամանակացույց. արևապաշտպան միջոցները պետք է քսել արևի ազդեցությունից 15- 30 րոպե առաջ`թույլ տալով, որ մաշկի վրա պաշտպանական թաղանթ լինի:

Ջրակայունություն. սա կարևոր հատկություն է, որը պետք է հաշվի առնել արևապաշտպան ընտրելիս, դրսում ֆիզիկական կամ մարզական գործունեություն իրականացնելիս: Ջրակայուն և շատ ջրակայուն հասկացությունները նշանակում են, որ SPF-ը պահպանվում է ջրի կամ քրտնարտադրության մեջ 40 կամ 80 րոպե:

Նորածինների և փոքր երեխաների համար. մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս խուսափել վեց ամսից փոքր երեխաների համար արևապաշտպան միջոցների օգտագործումից: Այնուամենայնիվ, երբ բավարար հագուստ և ստվեր չկա, նվազագույն քանակությամբ արևապաշտպանիչ միջոց առնվազն 15 SPF- ով կարելի է կիրառել փոքր հատվածներում, ինչպիսիք են նորածնի դեմքը և ձեռքերը: Անօրգանական ֆիլտրերի յուղի վրա հիմնված էմուլսիաները (այսինքն ՝ տիտանի երկօքսիդը, ցինկի օքսիդը) նորածինների և երեխաների դեպքում գերադասելի են օրգանական զտիչներից, քանի որ դրանք առաջարկում են լայն սպեկտրի պաշտպանություն և ունեն նվազագույն գրգռման, զգայունության և մաշկի ներթափանցման ներուժ:

Արևապաշտպաններ և վիտամին D. քանի որ արևի ճառագայթումն անհրաժեշտ է մաշկի 25-հիդրոքսիվիտամին D-ի սինթեզի համար, մտավախություն է առաջացել, որ ֆոտապաշտպանական միջոցները կարող են հանգեցնել D վիտամինի պակասի: Թերևս փորձարկումների կամ ուսումնասիրությունների արդյունքում չկա որևէ ապացույց, որ արևապաշտպան միջոցների օգտագործումը զգալիորեն ճնշում է մաշկում  վիտամին D-ի արտադրությունը:

Արևապաշտպան հագուստ. համապատասխան հագուստ կրելը կարևոր է արևից պաշտպանության համար: Հագուստի պաշտպանության աստիճանը որոշվում է ուլտրամանուշակագույն պաշտպանության գործոնով (UPF), որը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է գործվածքը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը կանխելու գործում: Ավստրալիայի ճառագայթման պաշտպանության և միջուկային անվտանգության գործակալությունը 1996 թ.-ին գործվածքների համար մտցրեց ստանդարտացված UPF փորձարկման մեթոդ և սահմանեց հագուստի համապատասխան պիտակավորման կանոններ, որոնք առաջարկում են արևի պաշտպանություն:

Հետևեք այս պարզ կանոններին, խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապե՛ս կեսօրին, ժամը 12-ից մինչև 16-ը ընկած ժամանակահտվածում, հնարավոր բոլոր հետևանքները կանխելու համար: