«Սլավմեդ» ԲԿ-ի հիմնադրի ամփոփիչ հարցազրույցը


Կան մասնագիտություններ, որոնց համար տոնական օրն աշխատանքային առօրյա է: Բժշկի համար Ամանորը նույնպես աշխատանքային օր է, ասում է «Սլավմեդ» ԲԿ-ի հիմնադիր Արմինե Հովակիմյանը: Բուժկենտրոնի ղեկավարը պատմել է «Սլավմեդ»-ի քառամյա գործունեության ընթացքում ձեռքբերումների եւ 2018 թվականի ծրագրերի մասին:

2014 թվականից ի վեր «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիրն եքԻնչպե՞ս առաջացավբուժկենտրոն հիմնելու գաղափարը:

Գաղափարը մեկն էր. հիմնել մի կենտրոն, որտեղ բժիշկը կունենա լայն հնավորություններ, կլինեն նրա աշխատանքը լիարժեք դարձնող ժամանակակից բժշկության մեջ կիրառվող լավագույն գործիքային եւ լաբորատոր սարքավորումներ, առանց որոնց շատ դեպքերում միայն բժշկի մասնագիտական հմտությունները բավարար չեն: Ուզում էինք նաեւ ունենալ մի կենտրոն, որտեղ կբացակայի մասնագետների կողմից ոչ թեմատիկ հետազոտություններ նշանակելու, ինչպես նաեւ առանց լուրջ հիմնավորման կաբինետից կաբինետ բուժայցելուին ուղարկելու՝ հաճախ հանդիպող պրակտիկան, որտեղ բուժայցելուն կզգա իր հանդեպ ցուցաբերվող հոգատարությունն ու խնամքը, խստագույնս կպահպանվեն սանիտարահիգենիկ պայմանները: Եվ, ի վերջո, կենտրոն, որտեղ կգործի վճարման մեկ պատուհանի սկզբունքը. բուժայցելուն համապատասխան վճարումը կկատարի դրամարկղում` համաձայն գնացուցակի, եւ սահմանված գումարից բացի՝ ոչ մի լրացուցիչ գումար ո՛չ բժշկին, ո՛չ բուժքրոջը, ո՛չ սանիտարին չի վճարի:

Հաշվի առնելով այս ամենը՝ հիմնեցինք կենտրոն, որն այսօր բազմապրոֆիլ բուժհաստատություն է. ունի ծննդատուն, գինեկոլոգիական, ուրոլոգիական, ԼՕՌ, անոթային վիրաբուժության, օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության, ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, պլաստիկ եւ միկրովիրաբուժության բաժանմունքներ: Կենտրոնը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին՝ վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով եւ, իհարկե, հիվանդին տրամադրվող երեքանգամյա լիարժեք սննդով: Այս ամենով հանդերձ՝ բուժծառայությունների համար սահմանվել են մատչելի գներ: Այսօր արդեն ուրախությամբ կարող եմ նշել, որ մեզ հաջողվեց իրականություն դարձնել իր տեսակով, հագեցվածությամբ ու սպասարկմամբ առանձնացող բուժհաստատություն հիմնելու գաղափարը:

Իսկ ի՞նչ ձեռքբերումներ ունի «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքը:

«Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատունը գործում է 2014 թվականից, եւ այս ընթացքում բժիշկներն ավելի քան 2000 ծնունդ են ընդունել: Նկատելով արդյունքները՝ շատերը խորհուրդ են տալիս նաեւ իրենց ծանոթներին ու հարազատներին հղիության ժամանակ նախապատվությունը տալ հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը: Կարծում եմ՝ ձեռք ենք բերել մարդկանց վստահությունը: Վերջերս կենտրոնում նշեցինք անհաս երեխաների միջազգային օրը: Վաղաժամ ծնված երեխաների բուժման եւ առողջացման հնարավորություններն ընդլայնելու նպատակով կենտրոնում ներդրվել են նրանց խնամքի համար նախատեսված ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող բարդությունները: Այսօր արդեն կենտրոնի նորածնային ինտենսիվ թերապիայի եւ մանկաբարձության բաժանմունքներում անհաս երեխաների կյանքը փրկելու համար ստեղծված են բոլոր պայմանները, որոնք բժիշկներին հնարավորություն են տալիս խնամել անգամ մեկ կիլոգրամից ցածր քաշով ծնված երեխաների՝ նպաստելով նրանց կյանքի որակի բարձրացմանը:

Արդեն մշակված հեռանկարային ծրագրեր կա՞ն:

Իհարկե՝ կան: «Սլավմեդ» ԲԿ-ն արդեն ընդլայնում է շենքային պայմանները, տեխնիկական հագեցվածությունը, եւ առաջիկայում կկարողանանք տրամադրել բուժծառայությունների ավելի լայն շրջանակ՝ ներդնելով ժամանակակից բժշկության մեջ կիրավող այնպիսի մեթոդներ, որոնք իրենց տեսակի մեջ եզակի կլինեն ամբողջ տարածաշրջանում: Կարեւորելով բուժծառայությունների որակը, մատչելիությունն ու հասանելիությունը եւ հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված չափորոշիչները՝ որպես զարգացման ուղեցույց ընտրել ենք JCI հավատարմագրմանը համահունչ համակարգի կայացումը, հենց այդ նպատակով էլ կենտրոնում ներդրվել է բժշկական ծառայությունների որակի եւ անվտանգության ապահովման ամբողջական կառավարման նոր համակարգ:

Շուտով տոնական արձակուրդներ են, բայց բժիշկներին, դրանք, թերեւս, չեն վերաբերում…

Կան մասնագիտություններ, որոնց համար տոնական օրն աշխատանքային առօրյա է: Բժշկի համար Ամանորը նույնպես աշխատանքային օր է, իսկ ամենահաճելի անակնկալը մեզ համար ծանր կամ մահվան ելքով դեպքերի բացակայությունն է:

Ո՞րը կլինի Ձեր Ամանորյա մաղթանքը: 

Ուզում եմ, որ նոր տարին արժանապատիվ որոշումների տարի լինի բոլորիս համար, որ կյանքում տեղի ունեցող ոչ մի երեւույթ չչարացնի մեզ, ուզում եմ, որ մեր ընտանիքներում պահպանվի ավանդույթի ուժը, զավակների մեջ ծնողների հանդեպ սերն ու մեծարանքը, ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, զինվորն ապահով լինի, իսկ զինվորին սպասողը՝ հանգիստ: Իսկ այս ամենի համար առողջություն է պետք, այդ իսկ պատճառով հետեւեք Ձեր առողջությանը, երջանիկ լինելու համար նկատեք Ձեզ շրջապատող աշխարհի գեղեցկությունը, գնահատեք  Ձեզ շրջապատող մարդկանց, ապրելու համար խաղաղություն տարածեք ամեն քայլափոխի: Թող գալիք տարին Ձեր ամեն օրը գոհունակությամբ բացվի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: