Ամենը՝ շաքարային դիաբետ հիվանդության մասին

Կան այնպիսի հիվանդություններ, որոնց յուրաքանչյուրը կարող է բախվել, ու նրանց մասին չիմանալ չի կարելի։

Շաքարային դիաբետ հիվանդության առաջացման, ընթացքի, առանձնահատկությունների և վտանգների մասին NEWS.am Medicine-ի հետ զրուցել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանը:

Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որով տառապում է երկրագնդի բնակչության ավելի քան 8,5 տոկոսը: Հիվանդությունը զարգանում է այն դեպքերում, երբ ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին չի արտադրում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել արտադրված ինսուլինը՝ հորմոն, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի պարունակության մակարդակը: Դիաբետը 2 տեսակ ունի՝ 1-ին եւ 2-րդ տիպի:

1-ին տիպի շաքարային դիաբետ

1-ին տիպի շաքարային դիաբետը աուտոիմունային հիվանդություն է, որն ուղեկցվում է ինսուլինի բացարձակ անբավարարությամբ: 1-ին տիպի դիաբետի կլինիկական ախտանիշներն ավելի վաղ են արտահայտվում, քան 2-րդ տիպի դիաբետի: Այն կարող է ախտորոշվել ծնվելուց հետո մի քանի ամսականից մինչեւ 25 տարեկան:

1-ին տիպի դիաբետի ախտանիշները

Քաշի նվազում
Ցավ որովայնում
Կետոացիդոտիկ կոմա:
1-ին տիպի դիաբետի ախտորոշումը

Արյան մեջ գլյուկոզայի ու ինսուլինի մակարդակը եւ մեզում գլյուկոզայի մակարդակը որոշվում է լաբորատոր հետազոտությամբ: Օժանդակ թեստ է համարվում, այսպես կոչված, գլիկոզիլացված հեմոգլոբինը: Այն ցույց է տալիս վերջին 3 ամիսներին գլյուկոզայի միջինացված ցուցանիշը, եւ այս ցուցանիշում 50 տոկոսը վերջին ամսվա տվյալներն են: Սա կիրառվում է թե՛ ախտորոշման, թե՛ դիաբետի բուժման ժամանակ կիրառվող բուժական միջոցառումների արդյունավետության մոնիթորինգի համար: Այսինքն՝ հասկանալու համար, թե դիաբետը որքանով է կոմպենսացված:

1-ին տիպի դիաբետի բուժումը

Միակ բուժումը ինսուլինաթերապիան է, որը պետք է կիրառվի ամբողջ կյանքում, դրա դոզաները որոշվում են ըստ հացի միավորների, որոնք ցույց են տալիս սննդամթերքում ածխաջրերի քանակությունը:

Վտանգավոր բարդությունները

Սուր բարդություններ՝ պայմանավորված ինսուլինի սխալ դոզավորմամբ: Գերդոզավորման դեպքում կարող է առաջանալ հիպոգլիկեմիկ կոմա, իսկ ցածր դոզավորման դեպքում՝ հիպերգլիկեմիկ կոմա:

Քրոնիկական բարդություններ՝ դիաբետիկ ռետինոպատիա, դիաբետիկ նեֆրոպատիա, դիաբետիկ նեյրոպատիա, դիաբետիկ անգիոպատիա: Դրանք առաջանում են դիաբետի անբավարար կոմպենսացման դեպքում:

2-րդ տիպի շաքարային դիաբետ

Ի տարբերություն 1-ին տիպի դիաբետի՝ սա ձեռքբերովի հիվանդություն է, որը սկզբնական փուլերում ընթանում է առանց ախտանիշների եւ կարող է ախտորոշվել պատահաբար՝ հերթական կանխարգելիչ հետազոտության ժամանակ: Հիվանդության ախտորոշման եւ մոնիթորինգի մեթոդները նույնն են, ինչ 1-ին տիպի դիաբետի դեպքում: 2-րդ տիպի շաքարային դիաբետը համարվում է ապրելակերպի հիվանդություն՝ հիվանդության վտանգի գործոններն են ավելորդ քաշն ու ճարպակալումը, նստակյաց կենսակերպը:

Բուժումը

Ի տարբերություն 1-ին տիպի դիաբետի՝ եթե ինսուլինակախվածություն չկա, նշանակվում են հիպոգլիկեմիկ դեղամիջոցներ՝ համապատասխան չափաքանակով ընդունման համար:

Բարդությունները

2-րդ տիպի դիաբետը նույնպես իր բարդություններով վտանգավոր է՝ այն ազդում է աչքերի, երիկամների եւ սիրտ-անոթային համակարգի վրա: «Եթե հիվանդն ունի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, օրինակ՝ սիրտ-անոթային համակարգի, ապա անհրաժեշտ է դիաբետը կատարելապես կոմպենսացնել, որպեսզի այն չբերի քրոնիկական հվանդությունների բարդությունների»,- ասում է բժիշկ Վահե Ավագյանը:

Նախադիաբետ

Վահե Ավագյանի խոսքով՝ սա ախտորոշում չէ, սակայն միջոցներ ձեռնարկելու համար պատճառ է, որ կանխվի դիաբետի զարգացումը: Գոյություն ունի գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության հատուկ թեստ, եւ եթե այն ցույց է տալիս տոլերանտության խախտում, ապա դեռեւս դեղորայքային բուժում չի նշանակվում, փոխարենը ՝ փոփոխվում է տվյալ անձի սննդակարգը եւ վարած կենսակերպը:

Շաքարային դիաբետի դպրոց

Նման դպրոցն անչափ կարեւոր է, հատկապես 1-ին տիպի դիաբետով հիվանդների համար: Անհրաժեշտ է, որ մարդն իր հիվանդության մասին լիովին իրազեկված լինի, իմանա՝ տարբեր սննդամթերքներում որքան ածխաջրեր են պարունակվում, եւ կարողանա որոշել՝ իրեն ինչ եւ որքան է կարելի ուտել:

«Շաքարային դիաբետի կեմպենսացման կարելի է հասնել միայն բժշկի ու հիվանդի համատեղ ջանքերի շնորհիվ: Եթե բժիշկը նշանակում է համապատասխան դեղամիջոցներ եւ դիետա, սակայն հիվանդը հետեւողականություն չի դրսեւորում, ապա արդյունավետ բուժման մասին խոսք գնալ չի կարող: Սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն եւ համապատասխան դեղամիջոցների ընդունում՝ միայն այս երեք գործոնները միասին կկարողանան ապահովել բուժման արդյունավետությունը»,- ասում է բժիշկը: