ԱՐՏԱՍԵՌԱԿԱՆ ԳՈՐՏՆՈւԿՆԵՐԻ ԲՈւԺՈւՄ
Գորտնուկները մաշկի և լորձաթաղանթների բարորակ նորագոյացություններ են, որոնց հարուցիչը հանդիսանում է մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ): Ներկայումս հայտնաբերված է ՄՊՎ-ի ավելի քան 100 տեսակ, ընդհանուր առմամբ ցանկացած տեսակի ՄՊՎ կարող է առաջանալ ցանկացած հատվածում, ցանկացած տարիքում:
Ինչպես նշեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մաշկաբան՝ Դավիթ Հարությունյանը, ՄՊՎ-ի առաջին կլինիկական դրսևորումները հանդիսանում են. հասարակ գորտնուկները սրածայր կոնդիլոմաները, տափակ գորտնուկները և խորը ափա-ներբանային գորտնուկները:
Գորտնուկները փոխանցվում են անուղղակի և ուղղակի կոնտակտի միջոցով՝մարդուց մարդ, նախատրամադրող գործոն է հանդիսանում նորմալ էպիթելյալ պատնեշի խանգարումը:
Գորտնուկները տարածված են ամբողջ աշխարհի ազգաբնակչության մոտ, կազմելով՝ 7-12 %-ը: Առավել հաճախ հանդիպում է դպրոցահասակների շրջանում՝ 10-20% և իմուն անկմամբ հիվանդների և մսագործների մոտ,կրկնակի շատ հանդիպում է սպիտակամորթների մոտ` սևամորթների և ասիացիների համեմատ: Տղամարդկանց և կանանց մոտ հանդիպում է նույն հաճախականությամբ: Անսովոր է դրանց առաջացումը կրծքի և վաղ մանկական հասակում: Հարեղնգային և ենթաեղնգային տեղակայման գորտնուկները կարող են բերել եղունգների անդարձելի դիստրոֆիայի:
Հիմնականում գորտնուկներն ընթանում են անախտանիշ, սակայն կարող են բերել կոսմետիկ խեղաթյուրումների կամ ցավ առաջացնել: Ներբանային գորտնուկները կարող են բավականին ցավոտ լինել, իսկ երբեմն բերել շարժումների սահմանափակման:
Ախտորոշվում է կլինիկորեն, անհրաժեշտության դեպքում կատարվում է ախտահյուսվածաբանական քննություն, վիրուսի կոնկրետ տեսակի որոշման համար հնարավոր է նաև ՊՇՌ հետազոտություն:
Բուժումը բարդ է, իրականցվում է և՛ դեղորայքային,և՛ վիրաբուժական միջոցներով, երբեմն ընթանում է ռեցիդիվներով: Որոշ գորտնուկներ տարիների ընթացքում կարող են ինքնուրույն անցնել, առանց բուժման: Ինչպես նշեց բժիշկը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գորտնուկների հեռացումն իրականացվում է նվազ ինվազիվ՝ կրիոդեստրուկցիայի միջոցով։
ՄՊՎ-ի որոշ ենթատեսակներ ասոցացվում են չարորակ նորագոյացությունների զարգացման հետ:
Հիվանդության կանխարգելումը դժվար է, այն հեշտությամբ փոխանցվում է մարդուց մարդ և տարածված է ամենուրեք: Այնուամենայնիվ տարրական կանոնների պահպանումը հնարավորություն կատա առավելագույնս կանխարգելել ՄՊՎ-ի տարածումը:
Գորտնուկների կանխարգելման 9 կանոններ.
1.Մի դիպչեք այլ անձանց գորտնուկներին, ՄՊՎ-ը հպավարակիչ է, այն կարող է ներթափանցել Ձեր օրգանիզմ քերծվածքների, ճաքերի միջոցով և առաջացնել գորտնուկներ:
2.Համոզվեք, որ Ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի իր սրբիչը, գուլպաները, եղունգների խնամքի պարագաները, լոգանքի սպունգը, ածելին և այլ անձնական պարագաներ: Եթե Ձեր ընտանիքի որևէ անդամի մոտ կա գորտնուկ, վերոնշյալ կանոնները պահպանելով կխուսափեք ընտանիքի մյուս անդամներին վարակելուց:
3.Մաքուր և փակ պահեք մաշկի վնասված հատվածները (ճաքեր, քերծվածքներ), ՄՊՎ-ն ամենուր է: Վիրուսը հեշտությամբ կներթափանցի Ձեր օրգանիզմ քերծվածքների և ճաքերի միջոցով:
4.Հաճախակի լվացրեք ձեռքերը: Քանի որ վիրուսը շատ տարածված է, դա կնպաստի վիրուսի ձեռքերից հեռացմանը:
5.Խուսափեք մաշկի չորությունից և ճաքճքումից:
6.Հրաժարվեք եղունգները կրծելու և կուտիկուլան վնասելու սովորությունից: Մաշկի վրա տվյալ դեպքում առաջանում են էրոզիաներ և պատռվածքներ, որտեղից վիրուսը հեշտությամբ ներթափանցում է օրգանիզմ:
7.Անպայման կրեք հողաթափեր կամ կոշիկներ հասարակական լողավազաններում և բաղնիքներում: Տաք և խոնավ պայմաններում ՄՊՎ-ն ակտիվորեն բազմանում է: Երբ Ձեր մաշկը խոնավ է և փափուկ ավելի հեշտ է վարակվել ՄՊՎ-ով: Հողաթափերը և կոշիկները տվյալ պարագայում կպաշտպանեն Ձեր ոտքերը ՄՊՎ-ից, հետևաբար կկանխարգելեն ներբանային գորտնուկների առաջացումը:
8.Համոզվեք, որ Ձեր երեխաներին կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ, ինչը կկանխարգելի սեռական գորտնուկների և տարբեր տեսակի ուռուցքների առաջացումը:
9.Բուժեք հիպերհիդրոզը /գերքրտնարտադրություն/: Փափուկ և խոնավ մաշկի պարագայում ՄՊՎ-ով վարակվելու ռիսկայնությունը բավականին բարձր է:
Իսկ եթե այնուամենայնիվ առաջացել են գորտնուկներ դիմեք մաշկաբանի: