ԽՈՑԱՅԻՆ ԿՈԼԻՏ ԵՎ ԿՐՈՆԻ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆ
Խոցային կոլիտի և Կրոնի հիվանդության դեպքում ախտահարվում է աղեստամոքսային տրակտը: Այս հիվանդությունները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում և իրենց երկարատև զարգացման ընթացքում առաջացնել մարսողական խողովակի բորբոքումներ և խոցեր:
Հարցերին պատասխանում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ՝ Հակոբ Գրիգորյանը
-Կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ. ի՞նչ հիվանդություններ են և ի՞նչն է նպաստում այս հիվանդությունների զարգացմանը:
-Խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը աղիների առավել բարդ, և երկարատև ընթացքով հիվանդություններ են, որի դեպքում տեղի է ունենում մարսողական խողովակի բորբոքում և խոցոտում: Հիվանդության զարգացման ենթադրյալ պատճառներն են՝ աղիների էպիթելիալ պատնեշի, իմուն համակարգի և աղիների միկրոբիոտայի միջև հավասարակշռության խանգարումը, ինչպես նաև,կարող է պայմանավորվաած լինել գենետիկ նախատրամադրվածությամբ և էկոլոգիական ազդակների միջև առկա փոխազդեցությամբ:
-Ո՞րն է այս երկու հիվանդությունների տարբերությունը:
-Նախ և առաջ, ինչպես Կրոնի հիվանդությունը, այնպես էլ խոցային կոլիտը աղեստամոքսային տրակտի քրոնիկ բորբոքային հիվանդություններ են: Կրոնի հիվանդության ժամանակ բորբոքային պրոցեսը տարածվում է աղիքի պատի ողջ հաստությամբ, կարող է ախտահարել բերանի խոռոչից մինչև հետանցք, հիմնական տեղակայումը զստաղու տերմինալ հատվածն է(բարակ աղի) և ի տարբերություն խոցային կոլիտի, բորբոքային պրոցեսը աղու լորձաթաղանթում ունի ընդհատ բնույթ, իսկ խոցային կոլիտն ախտահարում է միայն հաստ աղին, բորբոքումն ընդգրկում է լորձաթաղանթը և ենթալորձային շերտը, առաջացնելով խոցեր: Սակայն, ծանր և տարածուն խոցային կոլիտի դեպքում կարող է ախտահարվել նաև բարակ աղին, առաջացնելով էրոզիաներ, մակերեսային խոցեր:
-Ի՞նչ ախտանիշներով են դրսևովում այս հիվանդությունները, երբ դիմել բժշկի:
-Խոցային կոլիտը դրսևորվում է աղիքային և արտաաղիքային ախտանիշներով: Աղիքյին դրսևորումներից են՝ կծկանքները որովայնի շրջանում, որոնք սովորաբար ուժեղանում են կղազատումից առաջ և որոշակիորեն թեթևանում կղազատումից հետո: Լուծը, հաճախ արյան առկայությամբ: Օրվա ընթացքում կղազատման հաճախականությունը, որը կարող է տատանվել 4-10 և ավել անգամ, բնորոշ է նաև՝ թարախալորձային արտադրուկի արտազատումը կղանքի հետ: Քրոնիկ լուծը նաև Կրոնի հիվանդության ամենահաճախ հանդիպող սիմպտոմներից է: Այն կարող է լինել ռեկտալ արյունահոսությամբ և առանց դրա: Արյունային լուծը ավելի քիչ է հանդիպում Կրոնի հիվանդության, քան խոցային կոլիտի ժամանակ: Լուծը սովորաբար ուղեկցվում է սպաստիկ (կծկանքային) ցավերի առաջացումով, հարկ է նշել, որ ուժեղ ցավը առավել բնորոշ է Կրոնի հիվանդությանը, քան խոցային կոլիտին:
-Ինչպե՞ս է իրականացվում հիվանդության ախտորոշումը:
-Խոցային կոլիտի և Կրոն հիվանդոթյան ախտորոշման հիմանկան մեթոդ է համարվում՝ էնդոսկոպիկ հետազոտությունը (կոլոնոսկապիա և գաստրոսկոպիա), հյուսվացքաբանական մեթոդը, կղանաքային զանգվածում աղու բորբոքային մարկերների որոշումը(կալպրոտեկտին, լակտոֆերին): Կիրառվում է նաև ռադիոլագիական հետազոտման մեթոդներ՝ ռենտգեն, կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԿՏ) և մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիա(ՄՌՏ):
-Որո՞նք են բուժման մեխանիզմները և հնարավոր է լիարժեք բուժել հիվանդությունը:
-Խոցային կոլիտի և Կրոնի հիվանդոթյան բուժման նպատակով հիվանդներին ցուցաբերվում է կոմպլեքս մոտեցում՝ նշանակվում է անհրաժեշտ դեղորայքային թերապիա և սննդակարգ: Բուժման պրոցեսը կարող է տևել ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ: Խոցային կոլիտի և Կրոն հիվանդության բուժման հիմնական նպատակն է վերացնել կլինիկական սիմպտոմները և հասնել հիվանդության երկարատև հանգստի փուլի՝ ռեմիսիայի: