Հայ-հնդկական արմատի նոր ճյուղը
Հնդկաստանից Հայաստան ժամանած զույգը տոնում է իրենց դստեր՝ Լիոնա Վաշիշթհայի ծնունդը: Զույգը՝ Ռաջիվը և Լիլիթը, դեռ ամիսներ առաջ կայացրել էին որոշում` նորածնին լույս աշխարհ բերել հենց Հայաստանում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Լիլիթը նշեց, որ իրենց առաջնեկը՝ Ագաստիան, ծնվել է Հնդկաստանում, և երբ համեմատականներ է անցկացնում երկու երկրների բժշկական ծառայությունների որակ-գին հարաբերակցության միջև, նախապատվությունը միանշանակ տալիս է Հայաստանին, քանի որ Հնդկաստանում նման բուժօգնություն ստանալու համար ստիպված կլինեին վճարել մի քանի անգամ ավելի, քան վճարել են Հայաստանում: Փոքրիկ Լիոնա Վաշիշթհայի հայրիկը`Ռաջիվը, նշեց, որ տևական ժամանակ Հայաստանում փնտրել են իրենց պահանջներին համապատասխան ծննդատուն և գտել են այն, ինչ ուզում էին: Փոքրիկի մայրիկը՝ Լիլիթը, խոստովանեց, որ արմատներով հայ է, և շա˜տ մեծ էր ցանկությունը երկրորդ բալիկին լույս աշխարհ բերել հենց Հայաստանում: «Ռաջիվը՝ ամուսինս, շա˜տ հոգատար է, միևնույն ժամանակ` շա˜տ խստապահանջ, և ծննդատան ընտրության հարցում հաշվի էր առնում այնպիսի նրբություններ, որոնց առաջին հայացքից այդքան էլ կարևորություն չէի տալիս: Անչափ գոհ եմ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմից` հղիության ամիսների ընթացքում կողքիս լինելու, ինչպես նաև բարձրակարգ բուժօգնություն տրամադրելու համար: Զարմացած եմ կենտրոնի սարքավորումներով հագեցածության աստիճանից: Աղջկաս ծնունդը շատ բան փոխեց մեր կյանքում. վերաիմաստավորեցինք այնպիսի արժեքներ, որոնց նախկինում կարևորություն չէինք տալիս: Սա մի աննկարագրելի զգացմունք է, որը դժվարանում եմ բառերով նկարագրել: Պետք է նշեմ, որ Ռաջիվն այս ամիսների ընթացքում շատ է կապվել Հայաստանի հետ, և նույնիսկ մտածում ենք Հայաստան տեղափոխվելու մասին»,- անկեղծացավ երջանիկ մայրիկը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանի հավաստմամբ հղիությունն ընթացել է առանց շեղումների, սահմանված կարգով իրականացվել են բոլոր համապատասխան լաբորատոր և ախտորոշիչ հետազոտությունները: Կարելի է ասել, որ Լիլիթի հղիությունն ունեցել է հարթ ընթացք: Կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման որոշումը կայացվել է ըստ բժշկական ցուցման: Ծնվել է 3,450 գրամ քաշով և 53 սմ հասակով աղջիկ, որը, ըստ իրականացված հետազոտությունների առողջ է և որևիցե խնդիր չունի: Դավիթ Իգնոյանը հավելեց նաև, որ վիրահատության և հետծննդյան շրջանում բարդություններ չեն նկատվել և ծննդկանը հիվանդանոցից դուրս կգրվի` ստանալով անհրաժեշտ բուժօգնություն և երեխայի հետագա խնամքին վերաբերող համապատասխան տեղեկատվություն: Դավիթ Իգնոյանն ընդգծեց նաև, որ զույգի հետ առցանց նախապես քննարկվել էին բոլոր նրբություններն ու քայլերի հերթականության ընթացակարգը, որից հետո զույգը կայացրել էր որոշում` գալ և փոքրիկին լույս աշխարհ բերել Հայաստանում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում:
«Մայրանալու պարգևը տրված է ի վերուստ, բայց երբ արարման այդ հրաշքի ընթացքում քեզ օգնում է փորձառու և բանիմաց մասնագետների մեծ թիմ, երբ դու վայելում ես այդ հեղինակությունն ու հասնում այն վստահությանը, որ առցանց խորհրդատվության արդյունքում զույգը առանց մտածելու կտրում և անցնում է օվկիանոս` կոնկրետ բժշկական կենտրոնի ծառայություններից օգտվելու համար, միայն պարտավորեցնում է»,- իր խոսքը եզրափակեց Դավիթ Իգնոյանը: