«Սլավմեդ» ԲԿ-ում հաստ աղիքի քաղցկեղը կարելի է կանխել դեռևս պոլիպների փուլում

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներդրվել է լապարոսկոպիկ օնկոկոլոպրոկտոլոգիան: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնել է կենտրոնի ընհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ կոլոպրոկտոլոգ Լևոն Գրիգորյանը:

Վիրաբույժը նշեց, որ Հայաստանում կոլորեկտալ քաղցկեղը առաջնային քաղցկեղների շարքում երրորդ տեղում է, կրծքագեղձի և թոքերի քաղցկեղից հետո: Մահացության ցուցանիշով չորրորդն է՝ զիջելով նաև ստամոքսի քաղցկեղին:

«Ի տարբերություն մյուս քաղցկեղների՝ հաստ աղիքի քաղցկեղի վաղ հայտնաբերման ՝ սքրինինգային հետազոտությունները հասանելի են ու շատ տեղեկատվական, և հետևողական ու բուժման ճիշտ պլանի մշակման դեպքում հաստ աղիքի քաղցկեղը կարելի է կանխել վաղ փուլում և դեռևս չվերափոխված պոլիպների շրջանում, քանի որ հաստ աղիքի քաղցկեղի են վերածվում գերակշիռ մեծամասնությամբ անուշադրության եմատնված պոլիպները», – ասաց նա:

Ի պատասխան հարցին՝ արդյոք մի՞շտ է հաստ աղիքի քաղցկեղի վիրահատությունն ավարտվում կոլոստոմայի ձևավորմամբ, և հիվանդը ստիպված է կղանքաընդունիչով ապրել, բժիշկը նշեց, որ եթե քաղցկեղը վաղ փուլում է հայտնաբերվել եւ աղիքային անանցանելիություն, գերլայնացում, որովայնում բորբոքային պրոցեսներ չկան, ապա կոլոստոմայի անհրաժեշտություն դեպքերի գերակշռող մեծամասնությունում չի առաջանում:

 

Բայց երբ հիվանդը դիմում արդեն անանցանելիությամբ, լցված եւ լարված աղիներով, զարգացող ինֆեկցիայով, ապա անհրաժեշտ է կոլոստոմա տեղադրել: Նման դեպքերում ստոմայի ձևավորումը կարող է ժամանակավոր բնույթ ունենալ և թույլ է տալիս բարենպաստ պայմաններ ստեղծել աղեստամոքսային համակարգի ամբողջականության վերականգնման համար: Պատահում է նաև ուռուցքների այնպիսի տեղակայում, երբ հետանցքն ամբողջությամբ հեռացվում է: Նման դեպքում տեղադրվում է մշտական կոլոստոմա:

Ինչպես նշեց Լևոն Գրիգորյանը, հաստ աղիքի աջ կեսի քաղցկեղը երկար ժամանակ կարող է զարգանալ առանց ախտանշանների, հիվանդին չանհանգստացնել, ու ախտորոշվել արդեն բավական ուշ տարածված վիճակում: Ձախ կողմի կամ ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքում ախտանշանները համեմատաբար ավելի վաղ են ի հայտ գալիս:

Հիվանդի բողոքները կարող են ընդհանուր բնույթի լինել՝ կապված ուռուցքային ինտոքսիկացիայով.

— ընդհանուր թուլություն
— դյուրհոգնելիություն
— ախորժակի բացակայություն
— այլ գործոնների հետ չկապված քաշի նվազում
— ոչ բարձր ջերմություն՝ 37-37,2 աստիճան
— մարսողության խանգարում, սրտխառնոց

Կարող են դիտվել նաև սպեցիֆիկ գանգատներ.

— փորկապություն, փորլուծություն
— կղանքում արյան առկայություն
— ցավ որովայնի խոռոչում:

Բժշկի խոսքով, ոչ միշտ է ցավը քաղցկեղի առաջին ախտանշանը, և այն ոչ միշտ է այնքան ուժգին լինում, որ հիվանդն անմիջապես բժշկի դիմի:

Կոլորեկտալ քաղցկեղի ախտանշանները լինում են սուր ու քրոնիկական:

Բժիշկը խորհուրդ է տալիս վիճակը չհասցնել մինչև սուր ախտանշաններ և նվազագույն կասկածի դեպքում բժշկի դիմել:

 

Բժշկի խոսքով՝ կոլորեկտալ քաղցկեղի ախտորոշման «ոսկե ստանդարտը» կոլոնոսկոպիան է՝ հաստ աղիքի էնդոսկոպիկ հետազոտությունը: Այս հետազոտության ժամանակ հետանցքով աղիքի մեջ է մտցվում ծայրին լույս և խցիկ ունեցող ճկուն զոնդ և աղին դիտվում է ներսից:

Ինչպես հավելեց Լևոն Գրիգորյանը, ախտորոշիչից բացի, կոլոնոսկոպիան նաև բուժական մեթոդ է: Եթե զննման ժամանակ քաղցկեղի կասկած կա, ապա բիոպսիա է կատարվում և լաբորատոր հետազոտության համար նյութ վերցվում: Պոլիպների՝ աղիների լորձաթաղանթի բարորակ գոյացությունների հայտնաբերման դեպքում դրանք դրանց  հեռացումը հիվանդի համաձայնության պարագայում հնարավոր է անմիջապես կոլոնոսկոպիայի ժամանակ:

Քաղցկեղի բուժման տակտիկայի որոշման համար ցանկալի է կիրառել մուլտիդիսցիպլինար թիմային մոտեցում:

Եթե քաղցկեղը հայտնաբերվում է վաղ՝ 0-1 փուլում, ապա այն կարելի է հեռացնել էնդոսկոպիկ մեթոդով, ապահովելով բավականին լավ արդյունքներ:

Եթե խոսքը 2-3-րդ փուլում գտնվող հաստ աղիքի քաղցկեղի մասին է, ապա այս դեպքում անհրաժեշտ է կատարել  ծավալուն վիրահատություններ (լապարոսկոպիկ կամ բաց եղանակով) շրջանային ավշային հանգույցների հեռացմամբ: Վիրահատությունից հետո հեռացված նյութը անպայման հետազոտության է ուղարկվում հիվանդության ճշգրիտ փուլը և բուժման հետագա ռազմավարությունը որոշելու համար:

«Եթե խոսքը 4-րդ փուլում գտնվող պրոգրեսիվ քաղցկեղի մասին է՝ հեռակա մետաստատիկ ախտահարումներով, ապա բուժման մարտավարությունը, որոշվում է հաշվի առնելով հիվանդի կյանքի որակի բարելավումը և սպասվելիք արդյունքը: Վիրահատությունները առավելապես կրում են ամոքիչ բնույթ իսկ եթե հիվանդի կյանքի որակի բարելավման հնարավորություն չկա, ապա երբեմն ընդունվում է վիրահատություն չկատարելու որոշում», – ասաց նա: