Քթային պոլիպները դժվարաշնչության պատճառ
Ներկայումս պոլիպոզ ռինոսինուսիտի բուժումը ժամանակակից օտորինոլարինգոլոգիայի ակտուալ խնդիրներից է: Քանի որ քթային պոլիպները դժվարաշնչության պատճառ են հանդիսանում:
Մանրամասնում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ- ականջաբան՝ Լուսինե Սարգսյանը:
Պոլիպոզ ռինոսինուսիտը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթների քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը դրսևորվում է պոլիպների առաջացմամբ և ռեցիդիվող աճով:
Բնակչության մեջ տարածվածությունը կազմում է 1-5%: Երեխաների և երիտասարդների մոտ հանդիպում է հազվադեպ: Առավել հաճախ հանդիպում է ալերգիկների, բրոնխիալ ասթմայով հիվանդների մոտ:
Ներկայումս պոլիպոզի առաջացման պատճառները հայտնի չեն, բայց կան գործոններ, որոնք նպաստում են դրանց առաջացմանը.
- Ալերգիա— հիվանդների 10-54%- ը ալերգիկ են:
- Ասթմա— բրոնխիալ ասթմայով հիվանդների 7%- ի մոտ հայտնաբերվել է պոլիպոզ, իսկ պոլիպոզ ռինոսինուսիտով հիվանդների 10-15%- ի մոտ կա բրոնխիալ ասթմա:
- Ասպիրինի նկատմամբ անտանելիություն – 36-39%- ի մոտ:
- Ժառանգականություն – 52%- ի մոտ դիտվում է ժառանգական նախատրմադրվածություն:
- Արտաքին միջավայր— միջավայրի ախտոտվածությունը, ծխելը:
Կլինիկա- Հիվանդության կլինիկական դրսևորումներն են. քթի փակվածությունը, դժվարացած քթային շնչառությունը, քթից լորձային, լորձաթարախային արտադրությունը, խռմփոցը: Հաճախ դիտվում են գլխացավեր և դեմքի շրջանում ցավեր: Սիմպտոմների արտահայտվածության աստիճանը պայմանավորված է պրոցեսի տարածվածության աստիճանից: Քթի խոռոչի վերին հատվածներում պոլիպների աճման պատճառով փակվում է հոտառական զոնան, որն արտահայտվում է հոտառության լրիվ կամ մասնակի կորստով, իսկ քթի հետին հատվածների փակման դեպքում առաջանում է ռինոլալիա /ձայնի տեմբռի և արտաբերման այլ խանգարումներ/:
Դիագնոստիկա – Պոլիպոզ ռինոսինուսիտը ախտորոշվում է գանգատների, անամնեստիկ տվյալների, օբյեկտիվ զննման /ռինոսկոպիա, քթի խոռոչի էնդոսկոպիա/, և դիագնոստիկայի լրացուցիչ մեթոդներով՝ շատ ինֆորմտիվ է հարքթային խոռոչների ԿՏ հետազոտությունը, որը թույլ է տալիս որոշել ոչ միայն պոլիպոզի տարածվածությունը, այլև դեստրուկտիվ փոփոխությունների առկայությունը: Ռենտգեն հետազոտությունը քիչ ինֆորմատիվ է:
Պոլիպոզը պետք է տարբերակել քթի խոռոչի նորագոյացություններից, կիստաներից, խրոնիկ բակտերիալ և սնկային ռինոսինուսիտներից:
Բուժում – Պոլիպոզ ռինոսինուսիտի բուժման նպատակով կիրառվում են և’ դեղորայքային, և’ վիրահատական մեթոդներ, հաճախ կիրառվում է կոմպլեքս մոտեցում: Ներկայիս դեղորայքը թույլ է տալիս կանգնեցնել, թվացյալ առողջացումից հետո, հիվանդության նոր սրացումը, կամ սրացումների միջև ժամանակահատվածը, բայց ո’չ բուժել: Բուժման հիմնական միջոց է համարվում վիրահատական միջամտությունը: