Քթի պլաստիկ վիրահատությունը՝ որպես նվեր
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտարարել է հատուկ գին միջնապատի հետ կապված խնդիրների շտկման եւ քթի պլաստիկ վիրահատությունների իրականացման համար. երկու վիրահատությունները միասին այստեղ հնարավոր է իրականացնել ընդամենը 250.000 դրամով։ Հաշվի առնելով, որ քթի միջնապատի թեքությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է հանգեցնել թոքային ու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում միջնապատի թեքության ուղղման վիրահատություններն իրականացվելու են պլաստիկ վիրահատության՝ ռինոպլաստիկայի հետ համատեղ՝ մեկ վիրահատության գնով։
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ մարդն ապրում է, քանի դեռ շնչում է: «Հաշվի առնելով այս հանգամանքն ու շնչառական խանգարումների տարածվածությունը մեր երկրում, ինչպես նաեւ մեր ազգային առանձնահատկությունը՝ «հայկական քիթը», որից, ի դեպ, շատերն են բարդույթավորվում, որոշեցինք իրականացնել այս ակցիան՝ ընդգրկելով ե՛ւ սոցփաթեթի շահառուներին, ե՛ւ բժշկական ապահովագրություն ունեցող անձանց, ե՛ւ բոլոր այն մարդկանց, որոնց մոտ առկա է միակողմանի կամ երկկողմանի արտահայտված քթային դժվարաշնչառություն կամ նմանօրինակ այլ խնդիրներ»,- ասաց նա։ Կենտրոնում գործում է նաեւ 0 տոկոս կանխավճարով ապառիկ վճարման համակարգ այն մարդկանց համար, որոնք չունեն բժշկական ապահովագրություն կամ չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու: Ակցիայից օգտվելու համար պարզապես պետք է նախապես հերթագրվել. դիմողների թիվը մեծ է:
«Սա բացառիկ հնարավորություն է հատկապես սոցփաթեթի շահառուների եւ բժշկական ապահովագրություն ունեցող անձանց համար, քանի որ կատարելով միջնապատի թեքության հետ կապված խնդիրների շտկում «Սլավմեդ» բժշկական կենտրոնում՝ կարող են քթի պլաստիկ վիրահատությունը որպես նվեր ստանալ»,- եզրափակեց Արման Խարազյանը:
Կենտրոնի դիմածնոտային ու պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Լեւոն Գալստյանն էլ պարզաբանեց, որ միջնապատի թեքվածությունը բավական տարածված խնդիր է Հայաստանում, եւ ռինովիրաբույժների վիրահատությունների հիմնական ծավալը հենց այդ պաթոլոգիային է բաժին ընկնում։ Շատերը որոշում են միաժամանակ նաեւ պլաստիկա անել եւ ուղղել իրենց «հայկական քիթը», այդ պատճառով բուժկենտրոնը որոշել է նման ակցիա հայտարարել։
Առհասարակ, պլաստիկ վիրաբույժի խոսքով, Հայաստանում առաջին տեղում ռեդուկցիոն ռինոպլաստիկան է՝ քթի չափերի փոքրացումը։ Դիմողները հիմնականում երիտասարդ աղջիկներ են, բայց երբեմն նաեւ մեծահասակ կանայք ու տղամարդիկ։ Մասնավորապես, այս ակցիայի շրջանակում վիրահատության համար գրանցվել է 55 տարեկան կին, որը հայտնել է, որ ամբողջ կյանքում երազել է փոխել քթի ձեւը, բայց չէր կարողանում իրականացնել երազանքը։
Խոսելով այն մասին, որ աշունը՝ գրիպի ու ՍՇՎ-ի սեզոնը, գուցե ռինոպլաստիկայի համար ամենահարմար ժամանակաշրջանը չէ, Լեւոն Գալստյանը նշեց, որ տարվա չորս եղանակներն էլ իրենց սահմանափակումներն ունեն քթի վիրահատությունների իրականացման տեսակետից։ Մասնավորապես, ձմռանն անոթները ցրտից նեղանում են, ամռանը խանգարում են շոգն ու արեւի ճառագայթները, գարնանն ու ամռանը՝ ինֆեկցիաների սրացումը։ Դրա համար էլ նա քթի ձեւը փոխելու ցանկություն ունեցողներին խորհուրդ է տալիս դա անել այն ժամանակ, երբ իրե՛նց է հարմար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր եղանակի առանձնահատկությունները։
Ինչ վերաբերում է ռինոպլաստիկայից հետո վերականգնողական ժամանակաշրջանին, ապա, բժշկի խոսքով, դա շատ անհատական է, բայց կան որոշակի միջինացված ցուցանիշներ։ Այսպես, ամբողջ հետվիրահատական ժամանակաշրջանը տեւում է մինչեւ 14 ամիս, աչքերի տակ կապտուկները պահպանվում են 4-7 օր, այտուցվածությունն անցնում է երկու ամսվա ընթացքում։ Բուժհաստատություն այցելողները կարողանում են ազատ շփվել երկու շաբաթ անց՝ գիպսային վիրակապը հանելուց հետո։ «Սլավմեդ» ԲԿ-ում տամպոնի փոխարեն օգտագործվում են սիլիկոնային ներդրուկներ, որոնք քթով շնչելու հնարավորություն են տալիս։
Իսկ հարցին, պատահո՞ւմ է, որ պլաստիկ վիրաբույժը հրաժարվի վիրահատություն անելուց, Լեւոն Գալստյանը պատասխանեց, որ նման դեպքեր պատահում են, բայց շատ հազվադեպ։ Նրա խոսքով՝ պլաստիկ վիրաբուժությունը կապակցված չէ այնպիսի վիճակների հետ, որոնք սպառնում են մարդու կյանքին ու առողջությանը, ու եթե մարդը դիմում է այդ քայլին, ուրեմն նրա համար դա մեծ հոգեբանական նշանակություն ունի եւ կարեւոր է ինքնավստահության համար։