Ես հավատում եմ մեր մասնագետների ներուժին, որն ապացուցված է պրակտիկայով
«Սլավմեդ» բժշկական կենտրոնն այսօր մարդաշատ էր. նշվում էր բուժկենտրոնի գործունեության չորրորդ տարին: Հավաքված բուժայցելուները նշում էին, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն իրենց համար առանձանում է ոչ միայն բարձրակարգ սարքավորումներով և բուժանձնակազմով, այլև աչքի է ընկնում բարձրակարգ սպասարկմամբ, մաքրությամբ, հոգատար և ջերմ վերաբերմունքով: Tert.am-ի թղթակիցը բուժկենտրոնի գործունեության ընթացքում ունեցած հաջողությունների և ապագա պլանների մասին զրուցել է բուժկենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանի հետ:
-Տիկի՛ն Հովակիմյան, լրացավ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադրման չորրորդ տարին, ի՞նչ գնահատական կտաք կատարված աշխատանքին։
— Չորս տարին մեծ ժամանակահատված չէ բժշկական կենտրոնի համար, բայց քիչ էլ չէ, որովհետև հաջողության գրավականներից մեկն այն է, թե ինչպես ես սկսում։ Մինչ կենտրոնը հիմնելը ես ուսումնասիրել եմ աշխարհի առաջադեմ բուժհաստատությունների փորձը, ոլորտի զարգացման միտումները, վերլուծել եմ առավելություններն ու բաց օղակները, հաշվի եմ առել մեր երկրի առանձնահատկությունները։ Այլ կերպ ասած, ինչի՞ց է սկսվում առողջության պահպանման և վերականգնման լիարժեք գործընթացի կազմակերպումը։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում աշխատանքը սկսել ենք ժամանակակից բժշկության մեջ կիրառվող լավագույն սարքավորումների ներդրմամբ, մեր հանրապետության լավագույն մասնագետներին ներգրավելով և, իհարկե, բժիշկ-բուժայցելու երկկողմ փոխհարաբերությունների նոր մոտեցումներ ձևավորելով։ Մեր աշխատանքի առաջին ամիսներից հասկացել եմ, որ ճիշտ ընտրված թիմով, որտեղ առաջնայինը պրոֆեսիոնալիզմն ու առողջ փոխհարաբերություններն են, կարող ենք ունենալ առաջխաղացման լուրջ հեռանկարներ:
Փորձել եմ հնարավորինս օբյեկտիվ լինել գրանցելու զարգացման նոր արդյունքներ:
-Այսօր «Սլավմեդ» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ կենտրոն է։ Ինչո՞վ եք առանձնանում։
-Մեր աշխատանքում առանձնանալը, ի տարբերություն այլ ոլորտների, մի քիչ ուրիշ է։ Ինչո՞վ կարող է առանձնանալ բժշկական ոլորտը՝ ժամանակին գրագետ ու արդյունավետ բուժօգնության կազմակերպմամբ՝ ճիշտ ախտորոշումով, հիվանդի բուժման ընթացքն արդյունավետից բացի նաև հարմարավետ դարձնելով, մարդուն ծառայություններից օգտվելը նաև ֆինանսական տեսանկյունից հասանելի դարձնելով, սահմանվածից զատ լրացուցիչ գումար պահանջելու հաճախ հանդիպող բացասական պրակտիկան բացառելով, մարդկային գործոնով պայմանավորված դժբախտ դեպքերը կանխելով. ինձ համար կարևոր է նշված կետերից յուրաքանչյուրը։
-«Սլավմեդ» բժշկական կենտրոնը կարծես հակված չէ արտերկրից հրավիրյալ մասնագետների միջոցով վիրահատություններ անելուն։ Սա Ձեզ համար սկզբունքայի՞ն հարց է։
-Սկզբունքային չէ. մեր մասնագետները պարտադիր վերապատրաստումներ են անցնում արտերկրում, նոր փորձը կիրառում իրենց պրակտիկայում, ինչպես նաև մշակում են հեղինակային մեթոդներ։ Հայ բժիշկներն աշխարհում հայտնի են, իսկ ինչո՞ւ Հայաստանում նրանք չեն կարող լինել նույնքան օգտակար։ Ես հավատում եմ մեր մասնագետների ներուժին, որը հիմնված չէ ինքնագոհության վրա, այլ ապացուցված է պրակտիկայով։ Ի ուրախություն մեզ, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ևս կատարվում են բացառիկ վիրահատություններ, ինչը կարծես դարձել է օրինաչափություն։
-Հիվանդին օգնելն ու բուժելը շատ կարևոր առաքելություն է, իսկ քանի՞ նոր կյանք է սկիզբ առել Ձեր կենտրոնում այս տարիների ընթացքում։
-Չորս տարվա ընթացքում ծնվել է ավելի քան 3000 երեխա, ունեցել ենք նաև օտարերկրացի ծննդկաններ, որոնք նպատակային ընտրել են հենց «Սլավմեդ»-ի ծննդատունը։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատան հագեցածությունն այսօր թույլ է տալիս ապահովել նորածինների բարձրակարգ խնամք՝ խուսափելով ինչպես նորածնային բարդություններից, այնպես էլ նորածնային մահացությունից։
— Ի՞նչ կարևոր ախտորոշումներ են կատարվում Ձեր կենտրոնում։
— Արդյունավետ բուժման համար քիչ կարևոր և շատ կարևոր ախտորոշումներ չեն լինում, լինում է անհրաժեշտ և խիստ անհրաժեշտ ախտորոշում։ Այն, որ ինձ համար առաջնային հարց է նաև գերժամանակակից, ինֆորմատիվ սարքավորումների առկայությունը մեր կենտրոնում, արդեն ասացի։ Որքան էլ նվազագույն լինի ախտորոշման ժամանակ մարդկային գործոնի միջամտությունը, միևնույն է, այդ սարքավորումով աշխատում է մարդը. մեր մասնագետները պետք է ունենան անհրաժեշտ որակավորում, և ունեն։ Քիչ չեն դեպքերը, երբ սխալ ախտորոշման արդյունքում մարդը երկար տարիներ անարդյունավետ բուժում է ստանում, և մեր կենտրոնում անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո ստանում համապատասխան բուժում։
— Սովորաբար ծննդյան տարեդարձին մենք վերլուծում ենք մեր ապրած կյանքը։ Դուք, վերլուծելով կենտրոնի քառամյա գործունեությունը, ի՞նչ կմաղթեք Ձեզ։
— Ուզում եմ, որ մեր կենտրոնում հիվանդի առողջության հետ կապված երբեք անպատասխան հարցեր չլինեն, և հիվանդը շարունակի իրեն ապահով զգալ, ուզում եմ, որ շատ երեխաներ ծնվեն, և շատ ընտանիքներ երջանկանան: Մնացածն արդեն նորից գործով կշարունակենք։