ՎԻՏԻԼԻԳՈ
Վիտիլիգոն ձեռքբերովի հիվանդություն է, որը բնորոշվում է գունազրկված բծերի առաջացումով: Վիտիլիգոյի ժամանակ ախտահարված մաշկում մասամբ կամ ամբողջովին մելանոցիտները քայքայվում են: Այն հիմնականում պայմանավորված է աուտոիմուն ծագման խանգարումներով, առավել հաճախ` վահանաձև գեղձի: Վիտիլիգոն ախտահարում է աշխարհի բնակչության 0,5-2 %-ին: Չնայած թխամաշկ պացիենտների մոտ վիտիլիգոն առավել արտահայտիչ է, այնուամենայնիվ չկա ռասսայական կամ էթնիկ նախընտրություն: Վիտիլիգոն ձեռքբերովի հիվանդություն է, որը սակայն բնորոշվում է ծագումնաբանական նախատրամադրվածությամբ: Հիվանդների 30%-ի մոտ հնարավոր է լինում արձանագրել ընտանեկան ծանրացած անամնեզ:
Կանանց մոտ առավել շատ է ախտորոշվում վիտիլիգո, սակայն կա կարծիք, որ դա պայմանավորված է կանանց բարձր դիմելիությամբ:
Հիվանդությունը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սովորաբար մեկնարկում է 10-30 տարեկանում: Ախտահարման միջին տարիքը կազմում է 20 տարեկանը:
Կլինիկական տարատեսակները `
- Եռագույն վիտիլիգո
- Բորբոքված եզրային վիտիլիգո
- Քառագույն վիտիլիգո
- Կեբներիզացիա (բնորոշվում է վնասվածքի տեղում (այրվածք, կտրվածք, վիրահատություն)վիտիլիգոյի առաջացմամբ):
Ախտորոշումն իրականացվում է ֆիզիկական զննման, անամնեզի, ըստ անհրաժեշտության կատարվում է նաև մաշկի բիոպսիա: Լյումինեսցենտային եղանակով ախտորոշումն իրականացվում է մութ սենյակում Վուդի լամպով: Ժամանակակից բժշկությունն ունի, այս հիվանդության կանխարգելման և վերահսկման բավականին արդյունավետ միջոցներ: