ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՈՐՔԻՆ

Վարդագույն որքինը  (Pityriasis rosea (PR) )  բավականին տարածված սուր մաշկախտ է, յուրօրինակ ընթացքով և ցանի տեղակայմամբ: Հիվանդությունը սովորաբար հանդիպում է երեխաների և երիտասարդների շրջանում: Առաջին անգամ այս հիվանդությունը նկարագրվել է 1860 թվականին՝ ֆրանսիացի մաշկաբան Քամիլլ Ժիբերի կողմից:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մաշկաբան՝ Դավիթ Հարությունյանի հետ հիվանդության մասին զրույցում,  նա նշեց,  որ ներկայումս մաշկային այս հիվանդությունը համարվում է վիրուսային ծագման, հետազոտությունները ցույց են տվել  6-րդ և 7-րդ տիպի հերպես վիրուսի դերը հիվանդության ախտածագման մեջ:

Սովորաբար, սկզբում ի հայտ է գալիս առաջնային օջախը` մայրական վահանիկը, հիմնականում իրանին, երբեմն նաև ազդրերի և վերին վերջույթների շրջանում, ապա տարածվում է: Սուբյեկտիվ զգացողությունները գրեթե բացակայում են, հազվադեպ, բայց հիվանդությունը կարող է ուղեկցվել  հոգնածության զգացումով և քորով:

Տարրերը կլոր կամ օվալաձև են, 2-5 սմ տրամագծով,  վարդագույն-կարմրավուն նրբերանգով, հստակ սահմաններով, պատված՝ թույլ թեփով:  Բծերը սովորաբար անհետանում են 6-8 շաբաթվա ընթացքում, կրկնման միտում չեն ցուցաբերում: Հիվանդությունը հիմնականում  զարգանում է գարնանը և աշնանը:

Վարդագույն որքինն անհրաժեշտ է տարբերակել մաշկի սնկային ախտահարումներից, երկրորդային սիֆիլիսից, լայմի հիվանդությունից, բազմաձև էքսուդատիվ էրիթեմայից, պսորիազային հիվանդությունից, պարապսորիազից և այլն:

Ախտորոշումը կատարվում է կլինիկորեն, սնկային ախտահարման կասկածի դեպքում կատարվում է մաշկից քերուկ սնկերի հետազոտման համար: Շատ հազվադեպ կատարվում է նաև ախտահյուսվածաբանական քննություն:

Կախված հիվանդության ընթացքից, բժիշկ-մաշկաբանն ընտրում է բուժման տակտիկան: