Երակների վարիկոզ հիվանդություն
Երակների վարիկոզ հիվանդության տարբեր աստիճաններով տառապում են կանանց մոտ 40%-ը, իսկ տղամարդկանց մոտ-30% այդ թվում երիտասարդները: Նրանց մեծ մասը հիվանդության վաղ փուլերում չի պատկերացնում հիվանդության լրջությունը:
Սլավմեդ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ՝ Հայկ Հովսեփյան:
Անոթային հիվանդությունները բազմաթիվ են՝ և՛ զարկերակային, և՛ երակային համակարգերով: Կցանկանամ անդրադառնալ ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությանը, որն այսօր շատ արդիական է: Վարիկոզ հիվանդությունը երակային պաթոլոգիա է, որի ժամանակ հիմնականում ախտահարվում են ստորին վերջույթների երակները, որի հետևանքով խանգարվում է երակային արյան շրջանառությունը:
Հիվանդության առաջացման հիմնական պատճառներն ու խոցելի խումբը
1. Քիչ շարժվելը, նստած կամ կանգնած աշխատանքը:
2. Գերճարպակալումը
3. Գենետիկ նախատրամադրվածությունը
4. Տարիքը և սեռը հատկապես 30-50տ. հղիություն տարած կանայք:
Հիվանդության ախտանիշներ և դրսևորում. Հիմնական գանգատներն են ստորին վերջույթներում մազանոթային ցանցի առկայություն, այտուցվածություն, հոգնածություն, ցավ, ծանրության զգացում, արտահայտված երակներ: Իսկ ախտահարված երակներում թրոմբի առաջացման հավանականության մեծացում, որի բարդություն լինում է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա:
Հիվանդության ախտորոշումը.Ախտորոշումն իրականացվում է տեսողական զննման և գործիքային հետազոտության միջոցով, հիմնականում կատարվում է դուպլեքս հետազոտություն:
Բուժում. Բուժման տակտիկան ընտրվում է՝ կախված հիվանդության ծանրության աստիճանից.
Կոնսերվատիվ՝
1. Դեղորայքային և էլաստիկ կոմպրեսիա
2. Սկլերոթերապիա (ոչ վիրահատական մեթոդ է)
Վիրահատական՝
1. Լազերային օբլիտերացիա:
2. Ստորին վերջույթների կոմբինացված վենէկտոմիա:
Երակների վարիկոզ հիվանդությունները ժամանակին չբուժելու դեպքում՝ զարգանալով բերում են շատ լուրջ ու ծանր հետևանքների: Ինչպիսիք են՝ մեծ մազանոթային ցանցերը, դուրս ցցված երակները, ստորին վերջույթների այտուցվածությունը, մաշկի տրոֆիկ փոփոխությունները՝ խոցեր, թրոմբոֆլեբիտ, որի բարդությունը լինում է թոքային ցողունի թրոմբոէմբոլիան: