Հղիության առաջին օրերից մինչև հետծննդյան շրջան
Ի՞նչ պետք է իմանա կինը՝ հղիության առաջին օրերից մինչև հետծննդյան շրջան, “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականին պատմում է «Սլավմեդ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը:
Ինչպե՞ս է սկսվում հղի կին-Սլավմեդ համագործակցությունը:
-Կանանց կոնսուլտացիայում հղին հաշվառվում է հղիության 7-12-րդ շաբաթում՝ պտղի սրտի բաբախը արձանագրելուց հետո: Այդ պահից սկսած նա գտնվում է գինեկոլոգի հսկողության տակ: Խորհուրդ է տրվում խմել ֆոլաթթու՝ վիտամին B9՝ պտղի նորմալ զարգացման համար: Եթե կա արգանդի լարվածություն, նշանակվում են համապատասխան միջոցներ՝ լարվածությունը հանելու համար: Այնուհետև կատարվում են անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ: Եթե հայտնաբերվում է որևէ խնդիր՝ նշանակվում են լրացուցիչ ստուգումներ և համապատասխան բուժում: Ցանկացած բարդության, ցանկացած պաթոլոգիայով հղի կարող է սպասարկվել մեզ մոտ՝ հղիության առաջին օրերից սկսած մինչև ծննդաբերություն և հետծննդաբերական շրջանում: Արտասեռական՝ հղիության հետ կապ չունեցող պաթոլոգիաներով հղիներին ևս վարում ենք, համագործակցելով համապատասխան մասնագետների հետ:
Հղիության առաջին եռամսյակը հատկապես բարդ և անսովոր է: Ի՞նչ գանգատներով են առավել հաճախ դիմում կանայք:
— Հիմնական գանգատներն են սրտխառնոցը, որը բնորոշ է հղիությանը, փսխումները, որոնց որոշակի հաճախականությունը՝ օրեկան մինչև 6 անգամ, նույնպես համարվում է նորմայի սահմաններում: Իհարկե, դա անհարմարություն է, և դրանից խուսափելու համար ևս տրվում են ցուցումներ: Դեպքեր կան, երբ անհրաժեշտ է լինում հոսպիտալացնել: Հղիության առաջին եռամսյակում կարող են նկատվել ուշաթափություններ՝ կապված ճնշման անկման հետ: Մեծ մասամբ դա լուրջ խնդրի ազդանշան չէ: Անհանգստանալու պատճառ կարող են համարվել ցավը որովայնի ստորին շրջանում և արյունային արտադրությունը սեռական ուղիներից: Այդ դեպքում անհրաժեշտ է ընդգրկուն հետազոտություն ու հատուկ հսկողության սահմանում:
Ինչպե՞ս է կնոջ հոգեվիճակն անդրադառնում նրա հղիության վրա:
-Առհասարակ ռիսկային գործոններ կան բոլոր հղիների մոտ: Ընթացքը տարբեր ձևերով է ընթանում՝ կախված դիմադրողականությունից և նյարդային համակարգի վիճակից: Որքան մարդն ավելի դյուրագրգիռ է բնույթով, այնքան ավելի ծանր է տանում: Նույն սրտխառնոցներն ու ուշաթափությունները երկու տարբեր կանանց մոտ կարող են տարբեր արձագանք առաջացնել: Սովորաբար որոշ ժամանակ հղիանալու հետ խնդիրներ ունեցած կանայք ավելի շատ են անհանգստանում և ավելի լարված են լինում, ավելի հաճախ են զանգում ու այցելում բժշկին:
Ի՞նչ պետք է անի և ինչի՞ց պետք է խուսափի կինը հղիության ընթացքում:
— Հղիի համար ամենակարևորը հոգեկան հանգստությունն է և վստահությունը բժշկի նկատմամբ: Ես նաև խորհուրդ եմ տալիս շատ ուշադրություն չդարձնել ինտերնետում եղած ինֆորմացիային, ցանկացած հարցով առաջին հերթին դիմել բժշկին: Կինը պետք է նորմալ ռեժիմով ապրի, սնվի, աշխատի, հիշի, որ հղիությունը նորմալ ֆիզիոլոգիական պրոցեսս է և անհանգստանալ պետք չէ:
Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն ցանկալի, այլև պարտադիր է հղիության ընթացքում: Իհարկե, եթե մինչև հղիանալը կինը զբաղվել է պրոֆեսսիոնալ սպորտով, այդ ընթացքում պետք է դադարեցնել: Բայց մարմնամարզությունն ու թեթև վարժանքները, աէրոբիկան, ֆիտնեսը շատ օգտակար են:
Բարեհաջող հասանք ծննդաբերության պահին: Ո՞ր դեպքերում է ցուցված կեսարյան հատում:
-Պատահում է պտղի ոչ նորմալ դիրք՝ կոնքային առաջադրություն կամ միջաձիգ դրություն: Միջաձիք դրության դեպքում միանշանակ կատարվում է կեսարյան հատում: Կոնքային առաջադրության դեպքում հնարավոր է թե՛ բնական, թե՛ կեսարյան հատումով ծննդաբերություն, բայց վերջին տարիներին դա նույնպես սկսել է կեսարյան հատման ցուցում համարվել՝ պտղի տրավմաներից խուսափելու համար, մանավանդ առաջնածինների մոտ:
Ցուցում է ընկերքի սխալ տեղակայությունը, երբ այն փակում է ներքին օղը: Կարող է ցուցում լինի արտասեռական խնդիրների, օրինակ՝ տեսողության խնդրի հետ կապված (այստեղ որոշվում է ակնաբույժի ցուցումով): Լինում է, որ շտապ կեսարյան հատման ցուցում է առաջանում հենց բնական ծննդաբերության ժամանակ. Այդպիսի դեպքեր են՝ պտղի սրտի զարկերի անկումը, կլինիկական նեղ կոնքը, երբ կոնկրետ դիրքով պտղի գլուխը չի կարող դուրս գալ: Պարանոցի չբացվելը, բացման կանգը նույնպես ցուցում է կեսարյան հատման:
Եթե կնոջը կատարվել է արտամարմնային բեղմնավորում, դա արդեն ցուցում է կեսարյան հատման: Բայց ունեցել ենք այդպիսի հղի, որը բնական ճանապարհով է ծննդաբերել, այն էլ՝ զույգ պտուղ:
Խոսենք մայրերի դպրոցի մասին:
-Կնոջը նախապատրաստել հղիության ընթացքում իրեն սպասվող երևույթներին և մայր դառնալուն՝ շատ կարևոր է, հատկապես եթե առաջին երեխային է սպասում:
Հղիության յուրաքանչյուր էտապ ունի իր հարցերը, որոնց պետք է պատասխանել: Հղիության հենց սկզբից խոսել ծննդալուծման հարցերից՝ սխալ է:
Հենց այդ պատճառով մենք ունենք մշակած հատուկ ծրագիր, թե հղիության որ փուլում ինչ հացերի շուրջ է պետք խոսել հղիների հետ: Հղիության առաջին շաբաթներին շատ կարևոր է խոսել, ինչ ֆիզիոլոգիական պրոցես է հղիությունը, ինչ փոփոխություններ են տեղի ունենում տարբեր օրգան համակարգերում, ինչ պետք է անել և ինչից պետք է խուսափել առաջին եռամսյակում: Բացատրում ենք, որ ճնշման անկումը, հաճախասրտությունը, թթվածնի պակասի զգացողությունը, քաշի ավելացումը նորմալ երևույթներ են:
Հաջորդ պարապմունքին, արդեն ավելի մեծ ժամկետում, պտղի խաղի մասին ենք տեղեկացնում: Երբ պետք է զգա, օրվա ընթացքում ինչպես պետք է գրանցի խաղը, օրը քանի անգամ պետք է զգա: Շատ հաճախ հղիները գալիս են, մանավանդ ուշ ժամերի, վախեցած, որ խաղը չեն զգում, կամ հակառակը՝ գերակտիվ է խաղը: Մեկին թվում է, թե ինքը անընդհատ պետք է զգա խաղը, մյուսը կարծում է, թե մի քանի օր չզգալը նորմալ է:
Վերջում արդեն նախապատրաստում ենք ծննդաբերության: Դա շատ կարևոր է, որովհետև ինչպես կինը նախապատրաստված է լինում ծննդաբերության ընթացքին, այդպես էլ հիմնականում ընթանում է ծննդաբերությունը: Այստեղ հոգեբանական ճիշտ նախապատրաստվածությունը շատ կարևոր է:
Ունենում ենք պաշտոնական 4-5 պարապմունք, բայց ամեն այցը բժշկին նույնպես փոքրիկ պարապմունքի պես է անցնում: Այսինքն՝ յուրաքանչյուր գինեկոլոգ ցուցաբերում է հոգեբանական աջակցություն, անգամ տեղյակ է լինում ընտանեկան խնդիրներից, եթե այդպիսիք կան, և փորձում է օգնել:
Ինչպե՞ս է ապահովվում պացիենտների համարավետությունը:
— «Սլավմեդ» ԲԿ-ն այսօր մեր հանրապետության լավագույն կլինիկաներից է, հագեցած ամբողջ անհրաժեշտ ապպարատուրայով և համապատասխան մասնագետներով: Ունենք հոգեբան, որը զբաղվում է կոնկրետ հղիների հետ, ցուցաբերելով յուրովի մոտեցում:
Շատ կարևոր է ոչ միայն բժշկի, այլև միջին բուժանձնակազմի վերաբերմունքը պացիենտի նկատմամբ: Որովհետև բժիշկը կարող է հիվանդին այցելե օրվա մեջ 3-4 անգամ, մինչդեռ բուժքույրը նրա կողքին է գրեթե անընդհատ: Եվ նրա ժպտերես, բարեհամբույր վերաբերմունքը շատ կարևոր է հիվանդի համար:
Կան դեպքեր, երբ կանայք մեզ մոտ մնում են ամիսներով, օրինակ՝ եթե վաղածին բալիկներ են, կամ ինչ-որ խնդիրներ ունեն: Այս պատճառով ստեղծված են բոլոր պայմանները, որ հարմարավետության առումով պացիենտն իրեն գրեթե նույնքան լավ զգա, որքան իրենց տանը: Հեռուստացույց, ինտերնետ, սեփական հիգիենայով ու խնամքով զբաղվելու բոլոր հարմարարությունները, ինչպես նաև բալիկի հետ համատեղ կեցությունն ու խնամակալների առկայության հնարավորությունը:
Մահճակալները մեզ մոտ ֆունկցիոնալ են, այսինքն՝ տեղափոխությունը կատարվում է առանց որևէ դիսկոմֆորտի, և եթե կա որևէ հարկադրական դիրք, նույնպես ապահովվում է ուղղակի մահճակալը ղեկավարելով:
Դուրս գրելուց առաջ անպայման ծննդկանին անում ենք սոնոգրաֆիա, վստահ լինելու համար, որ ոչ մի հետծննդյան բարդություն չկա: Մեզ համար կարևոր է իմանալ, որ մեր պացիենտները «Սլավմեդ» ԲԿ-ից դուրս են գալիս հնարավոր ամենալավ առողջական վիճակում: