Դժվարացած քթային շնչառություն և դրա հետևանքները

 

Պարզաբանում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ- ականջաբան՝ Լուսինե Սարգսյանը:

 

Առաջին հայացքից աննշան թվացող այս խնդիրը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Դժվարաշնչության հետևանքով օրգանիզմում առաջանում է քրոնիկ թթվածնային քաղց, ինչն էլ իր հերթին բերում է օրգանների թերսնուցման, ախտահարելով՝ սիրտը, գլխուղեղը և մի շարք այլ օրգաններ:

 

   — Ի՞նչն է խոչընդոտում ազատ շնչառությանը, հանգեցնելով դժվարաշնչության

— Քթային դժվարաշնչություն կարող է առաջանալ մի շարք պատճառներով. օրինակ՝

Ֆիզիոլոգիական.  երբ  անհամաչափ են զարգանում գանգի ոսկրերը :

Տրավմատիկ.  որոնք միջնապատի ծռման հիմնական պատճառ են հանդիսանում: Երբեմն աննշան վնասվածքը կարող է հետագայում բերել միջնապատի զգալի դեֆորմացիայի: Քթի միջնապատը թեքվելով մեկ կամ երկու կողմից՝ նեղացնում է շնչուղին խոչընդոտելով նորմալ շնչառությանը: Դժվարաշնչության պատճառ կարող է լինել, այս կամ այն վիրահատական միջամտության արդյունքում՝ խեցիների ամբողջական հեռացումը,  քանի որ մեծ քանակությամբ օդի ոչ ճիշտ հոսքն առաջացնում է օդի անբավարարության զգացում:

Կոմպենսատոր. երբ միջնապատը թեքվում է քթի խոռոչում առկա այլ պաթոլոգիաների հետևանքով. ինչպիսիք են՝ խիստ մեծացած ստորին քթային խեցիները, քթային պոլիպները, տարբեր տեսակի հյուսվածքային  գերաճերը:

Շատ հաճախ մարդիկ գանգատվում են դժվարաշնչությունից այն դեպքում, երբ չկա որևէ մեխանիկական խոչընդոտ և ազատ է քթային շնչառությունը: Դա կարող է պայմանավորված լինել  նյարդային խնդիրներով:

   — Կարևո՞ր է արդյոք քթով շնչելը  և ինչու՞

— Քիթոը կատարում է հետևյալ ֆունկցիաները. շնչական, պաշտպանական, ինֆորմացիոն, կալորիֆերային, հոտառական, արտազատական,ներծծող, էսթետիկ:

Քթով շնչելու դեպքում՝ օդը մտնելով քթի խոռոչ, տաքանում է, մաքրվում, մանրէազերծվում, փոշեզերծվում և խոնավանում է: Քթային անցուղիների լորձաթաղանթը պարունակում է մեծ քանակի նյարդային վերջույթներ (ռեցեպտորներ), որոնք ապահովում են քթի և այլ օրգանների միջև  ռեֆլեկտոր կապը: Շնչելիս և արտաշնչելիս գլխուղեղը ստանում է անհրաժեշտ իմպուլսներ, որոնք կարևոր են շնչական համակարգի բնական աշխատանքի համար: Քթով շնչելիս մարդը զգում է զանազան հոտեր, որը թույլ է տալիս մարդուն խուսափել վնասակար նյութերով թունավուրումից, կամ անորակ սննդի օգտագործումից:

Երբ ինչ որ խնդիրների հետևանքով խանգարվում է քթային շնչառությունը, մարդ ստիպված է լինում շնչել բերանով: Բերանով շնչելիս չորանում է լորձաթաղանթը, որի պատճառով դժվարանում է կլման ակտը, բերանից տհաճ հոտ է գալիս, ճաքճքում են շուրթերը, խանգարվում է համային զգացողությունը:

   — Ի՞նչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ դժվարաշնչության հետևանքով

— Եթե երեխան մշտապես շնչում է բերանով, նրա մոտ զարգանում է դիմային գանգի և կրծքավամդակի դեֆորմացիա, սխալ կծվածք, թոքերի գազափոխանակության խանգարում, ֆիզիկական աճի և զարգացման դանդաղում:

Բերանով շնչելիս արյան մեջ ներծծվող թթվածնի քանակը 30%-ով նվազում  է՝ առաջացնելով թթվածնային քաղց: Թթվածնային քաղցը պատճառ է հանդիսանում աշխատաունակության անկման, գլխացավերի, գլխապտույտների, քրոնիկ հոգնածության և թուլության, հիշողության վատթարացման, կարող է զարգանալ հիպերտոնիա, ֆարինգիտ, քրոնիկ բրոնխիտներ, նևրոզներ և դեպրեսիա:

 — Դժվարաշնչության դեպքում ինչպե՞ս է  իրականացվում ախտորոշվում

— Եթե առկա է դժվարաշնչություն անհրաժեշտ է դիմել քիթ-կոկորդ- ականջաբանի: Ախտորոշումն իրականցվում է  հետևյալ մեթոդներով.

Ռինոսկոպիա. որն իրենից ներկայացնում է քթի խոռոչի զննում հատուկ քթային հայլիների օգությամբ:

Էնդոսկոպիա. այս մեթոդը թույլ է տալիս ավելի մանրամասն զննել քթի խոռոչը օպտիկական սարքերի օգնությամբ:

Ռենտգեն հետազոտություն:

Համակարգչային տոմոգրաֆիա:

— Ո՞րոնք են բուժման մեթոդները

— Քանի որ դժվարաշնչության պատճառները հիմնականում մեխանիկական են, հետևաբար բուժումը վիրահատական է, կատարվում քթի ներսից՝ բացառելով արտաքին որևէ կտրվածք: Վիրահատությունը կոչվում է սեպտոպլաստիկա, իրականացվում է ընդհանուր անզգայացման պայմաններում: Հիվանդները նախքան վիրահատությունը անցնում են անհրաժեշտ հետազոտություններ: Սեպտոպլաստիկան ունի հակացուցումներ. դրանք են՝ ինֆեկցիոն, քրոնիկ հիվանդությունները, որոնք ընթանում են ծանր ձևով, արյան մակարդելիության խանգարումները, հիվանդի մեծ տարիքը, հոգեկան խանգարումները: