ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՈՐՔԻՆ
Վարդագույն որքինը (Pityriasis rosea (PR) ) բավականին տարածված սուր մաշկախտ է, յուրօրինակ ընթացքով և ցանի տեղակայմամբ: Հիվանդությունը սովորաբար հանդիպում է երեխաների և երիտասարդների շրջանում: Առաջին անգամ այս հիվանդությունը նկարագրվել է 1860 թվականին՝ ֆրանսիացի մաշկաբան Քամիլլ Ժիբերի կողմից:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մաշկաբան՝ Դավիթ Հարությունյանի հետ հիվանդության մասին զրույցում, նա նշեց, որ ներկայումս մաշկային այս հիվանդությունը համարվում է վիրուսային ծագման, հետազոտությունները ցույց են տվել 6-րդ և 7-րդ տիպի հերպես վիրուսի դերը հիվանդության ախտածագման մեջ:
Սովորաբար, սկզբում ի հայտ է գալիս առաջնային օջախը` մայրական վահանիկը, հիմնականում իրանին, երբեմն նաև ազդրերի և վերին վերջույթների շրջանում, ապա տարածվում է: Սուբյեկտիվ զգացողությունները գրեթե բացակայում են, հազվադեպ, բայց հիվանդությունը կարող է ուղեկցվել հոգնածության զգացումով և քորով:
Տարրերը կլոր կամ օվալաձև են, 2-5 սմ տրամագծով, վարդագույն-կարմրավուն նրբերանգով, հստակ սահմաններով, պատված՝ թույլ թեփով: Բծերը սովորաբար անհետանում են 6-8 շաբաթվա ընթացքում, կրկնման միտում չեն ցուցաբերում: Հիվանդությունը հիմնականում զարգանում է գարնանը և աշնանը:
Վարդագույն որքինն անհրաժեշտ է տարբերակել մաշկի սնկային ախտահարումներից, երկրորդային սիֆիլիսից, լայմի հիվանդությունից, բազմաձև էքսուդատիվ էրիթեմայից, պսորիազային հիվանդությունից, պարապսորիազից և այլն:
Ախտորոշումը կատարվում է կլինիկորեն, սնկային ախտահարման կասկածի դեպքում կատարվում է մաշկից քերուկ սնկերի հետազոտման համար: Շատ հազվադեպ կատարվում է նաև ախտահյուսվածաբանական քննություն:
Կախված հիվանդության ընթացքից, բժիշկ-մաշկաբանն ընտրում է բուժման տակտիկան: