Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդություն
Ըմպանի, կերակրափողի, ստամոքսի և բարակ աղու վերին հատվածի հետազոտումը կատարվում է Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա ախտորոշիչմիջամտությամբ: Այդ նպատակով օգտագործվում է էնդոսկոպ կոչվող ճկուն խողովակը` ծայրին տեղադրված լուսավորման սարք ու տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս գրանցել յուրաքանչյուր զննվող այն հատվածի պատկերը, ինչի միջով անցնում է էնդոսկոպը: Հնարավոր է նաև կատարել բիոպսիա, ախտորոշումը հստակեցնելու համար: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Արման Պետրոսյանը Doctors.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում գաստրոէզոֆագիալ ռեֆլուքսային հիվանդության ախտորոշման ու բուժման ժամանակակից բոլոր մոտեցումները կիրառվում են:
Բժշկի խոսքով` հիվանդության առաջին ախտանիշն այրոցի զգացումն է, գնդի զգացումը էպիգաստրալ շրջանում: «Այրոցի հիմնական պատճառը ստամոքսից դեպի կերակրափող ստամոքսահյութի հետնետումն է , որի հետևանքով տեղի է ունենում կերակրափողի լորձաթաղանթի վնասում ստամոքսահյութի ակտիվ բաղադրիչներով: Հաճախակի ռեֆլյուքսներն արդեն ախատաբանական են: Ստամոքս-կերակրափողային հետհոսքի հիմնական պատճառը կերակրափողային ստորին փականի անբավարար փակվելն է: Երկարատև անուշադրության մատնելուց հետո այրոցը կարող է ուղեկցվել ցավով, ախորժակի բացակայությամբ, կլման ակտի խանգարմամբ»,- նշեց գաստրոէնտերոլոգը:
Բժշկի խոսքով` գաստրոէզոֆագիալ ռեֆլուքսի առաջացման պատճառներից է ներորովայնային կամ ներստամոքսային ճնշման կտրուկ բարձացումը: «Այս երևույթը տեղի է ունենում ստամոքսի գերլցման դեպքում, երբ ընդունած կերակուրը չափից ավելի է, ինչպես նաև պառկած ու կռացած դիրքերում սնունդ ընդունելիս: Ներորովայնային ճնշման բարձրացում կարող է դիտվել նաև վքնածության, փորկապության, հղիության ժամանակ, այդ թվում որովայնը սեղմող հագուստ, ձիգ գոտիներ կրելիս ու ծանրություն բարձրացնելիս»,- ընդգծեց նա:
Գաստրոէնտերոլոգը կարևորում է հիվանդության ախտորոշումն ու բուժումը, քանի որ կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են կերակրափողի խոցերը, ուռուցքը, արյունահոսությունը, կլման ակտի խանգարում և այլն:
Հիվանդությունից զերծ մնալու համար բժիշկը խորհուրդ է տալիս՝ փոխել կենսակերպը, ազատվել ավելորդ քաշից, չհագնել որովայնը սեղմող հագուստ, ուտել հաճախակի` փոքր չափաբաժիններով, ուտելուց հետո չպառկել: Ախտանիշների ժամանակ դիմել բժշկի, անհրաժեշտության դեպքում` ստանալ բուժում: