Ռադիոալիքային վիրաբուժությունը գինեկոլոգիայում

Բուժկենտրոնի գինեկոլոգական բաժանմունքում ներդրված նոր սերնդի ռադիոալիքային այս սարքավորումն անփոխարինելի է բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար՝ հատկապես սուր ծայրով կանդիլոմաների և արգանդի վզիկի էրոզիվ էկտրոպիոնների: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Սլավմեդ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ազարյանը։

Նրա խոսքով՝ ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող այս սարքավորումը մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքի անփոխարինելի ատրիբուտներից է, որն ապահովում է միջամտությունների առավելագույնս ոչ տրավմատիկ իրականացում՝ առանց շրջակա հյուսվածքների վնասման։

«Սարքավորումն անփոխարինելի է էկտոպիայի, արգանդի սպիացած տարբեր դեֆորմացիաների, սուր ծայրերով կոնդիլոմաների, արգանդի վզիկի էրոզիվ էկտրոպիոնի, ցերվիկալ խողովակի պոլիպների՝ ընդհուպ մինչև որոշ նախաքաղցկեղային հիվանդությունների՝ ցերվիկալ էպիթելիային նեոպլազիայի, լեյկոպլակիայի վիրահատական բուժման համար։ Այն բացառիկ է նաև արգանդի վզիկի հիպերտրոֆիայի և հեշտոցի բշտերի բուժման համար», — պատմեց նա.

Բժշկի խոսքով՝ բուժկենտրոնում ներդրված նորագույն ռադիոալիքային սարքավորումը լայնորեն կիրառվում է նաև գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման նպատակով՝ կոլպոսկոպի հետ միասին։ Կոլպոսկոպը հնարավորություն է տալիս մեծացնել արգանդի վզիկի պատկերը և տեսնել ատիպիկ պրոցեսները։

«Արգանդի վզիկի ախտահարված հատվածի հայտնաբերման դեպքում որոշվում է ախտահարման խորացման աստիճանը և ընտրվում տվյալ դեպքի բուժման համար առավել նպատակահարմար միջամտության տեսակը, որում մեզ օգնում է ներդրված նորագույն ռադիոալիքային սարքավորումը։ Մինչև տվյալ սարքավորման ներդրումը բիոպսիայի համար ունելիով կտրվում էր արգանդի վզիկի հյուսվածքի մի մասը, որը բավականին տրավմատիկ միջամտություն էր, իսկ տվյալ սարքավորման կիրառումը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակետային բիոպսիա՝ հատուկ հանգույցով։  Ո՞րն է առավելությունը։  Նախևառաջ,  ռադիոալիքների կիրառումը չի վնասում տվյալ հանգույցի շրջակա հյուսվածքները։ Այսինքն բիոպտատը լրիվ մաքուր է լինում ու դա հեշտացնում է հիստոլոգի աշխատանքը՝ ապահովվելով հետազոտության պատասխանի մաքիսմալ ճշգրտություն։ Եվ հետո՝ այդ միջամտությունը լրիվ անվտանգ է կնոջ համար։ Այն անարյուն է, անցավ, վերքը շատ արագ է ապաքինվում, ընդ որում՝ միշտ ապաքինվում է առանց բորբոքումների ու առանց հավելյալ ինֆեկցիաների առաջացման»,- պատմել է բժիշկը, պարզաբանելով, որ ռադիոալիքները չեն առաջացնում հյուսվածքի այրվածքներ, այլ կերպ ասած հյուսվածքի կոագուլյացիա, այլ առաջացնում են բջիջների ներսում գտնվող հեղուկի գոլորշիացում, որի շնորհիվ հյուսվածքներում սպիացման փոփոխություններ տեղի չեն ունենում։

«Նախկինում ցանկացած այլ մեթոդի կիրառման դեպքում արգանդի վզիկի վրա առաջանում էին սպիներ, ինչն ազդում էր հետագա հղիության, ծննդաբերության վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ տվյալ սարքավորման կիրառմամբ միջամտություններն իրականացվում են ոչ միայն անցավ, այլև շատ արագ, ու կինը կարող է նույն օրը վերադառնալ իր առօրյա կյանքի ռիթմին։

Սարքի կիրառումը նաև հնարավորություն է տալիս ապահովել վերականգնողական առավել կարճ ժամանակահատված, որը շատ կարևոր է յուրաքանչյուր կնոջ համար:

«Այսինքն, եթե նախկինում էլեկտրական հոսանքի կիրառման դեպքում ախտահարվում էին նաև շրջակա հյուսվածքները, ապա նորագույն սարքավորման կիրառման դեպքում մշակման է ենթարկվում միայն այն փոքր հատվածը, որի վրա կատարվում է միջամտությունը։ Դա շատ կարևոր է, քանի որ մենք ձգտում ենք առավելագույնս զգույշ վերաբերվել արգանդի վզիկին ու կանացի սեռական օրգաններին»,- ասել է նա։

Բժշկուհու խոսքով՝ գինեկոլոգիայում սարքի կիրառումը գրեթե հակացուցումներ չունի։ Բացառություն են կազմում միայն ծանր հիվանդությունները՝ սիրտ-թոքային անբավարարությունը, ծանր շաքարային դիաբետը և այլն։

«Նախորդ մեթոդների համեմատ՝ այս սարքավորման առավելություններից մեկն այն է նաև, որ դրա կիրառմամբ վիրահատություններից հետո ծննդաբերության ժամանակ կեսարյան հատումը պարտադիր չէ՝  կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել՝ բնական ճանապարհով, առանց վախենալու որևէ պատռվածքներից, քանի որ սարքի կիրառումից հետո սպիացած հյուսվածքներ չեն առաջանում»,- նշել է Իրինա Ազարյանը։

Գինեկելոգը հավելել է, որ արգանդի վզիկի էրոզիա ախտորոշմանը պետք է շատ զգույշ վերաբերվեն կանայք։

«Եթե կինն արգանդի վզիկի արտաքին մակերեսի վրա ունի էպիթելի ցիլինդրիկ հատված, որը կոպիտ ասած, բժշկին դուր չի գալիս ու նա առաջարկում է դրա հետ որևէ բան անել, դա բոլորովին արդարացված չէ։ Հասկանալու համար, թե դա ինչ էրոզիա է, արժե արդյոք դրան դիպչել, թե դա կնոջ նորմալ ֆիզիոլոգիական վիճակն է, պետք է կատարել ընդամենը մեկ հետազոտություն, որն է՝ ՊԱՊ- քսուքը»,- ասել է նա։

Եթե ՊԱՊ քսուքի հետազոտության արդյունքը բացասական է, ապա որևէ միջամտություն իրականացնելու ահրաժեշտություն չի կարող լինել, նույնիսկ եթե բժշկին արտաքուստ դուր չի եկել էրոզիան, հավելեց բժշկուհին։

Մասնագետի խոսքով՝ հաճախ արգանդի վզիկի վրա այս կամ այն միջամտություններն իրականացվում են «անհաջող» ցիտոլոգիական պատասխանի առկայության դեպքում։ «Դա կարող է լինել ասկուս՝ հատուկենտ ատիպիկ բջիջներ, և ցերվիկալ ինտրաէպիթելիալ նեոպլազիաներ։ Իսկ էրոզիան բուժել միայն որովհետև այն փչացնում է արգանդի վզիկի գեղագիտական տեսքը՝ իհարկե արդարացված չէ»,- ասել է բժշկուհին։

Նա հավելել է, որ «Սլավմեդ» բուժկենտրոնում հատուկ ուշադրությամբ են վերաբերվում արգանդի վզիկի պաթոլոգիաների բուժմանը, հաշվի առնելով պապիլոմավիրուսի տարածվածության աստիճանն ու վտանգավոր հետևանքները ։

«Արգանդի վզիկի հանդեպ ոչ բավարար ուշադրությունը կարող է հանգեցնել բարդացումների՝ ընդհուպ քաղցկեղի։ Բայց ցանկանում եմ նշել, որ արգանդի վզիկի քաղցկեղը հիվանդություն է, որը զարգանում է շատ դանդաղ, դա քաղցկեղի ամենաերկարատև զարգացող տեսակներից մեկն է, դրա զարգացումը կարող է տևել մինչև 8 տարի, և դրա բաց թողումը հանցագործություն է համարվում, ինչպես կնոջ, այնպես էլ բուժող բժշկի համար»,- ասել է նա։

Բժշկուհին հորդորում է կանանց տարեկան մեկ անգամ անցնել գինեկոլոգի կանխարգելիչ բուժզննում և ամբողջ տարին հանգիստ ապրել։

«Կնոջ մոտ՝ այս կամ այն գինեկոլոգիական խնդրի հայտնաբերման դեպքում, բուժկենտրոնում կիրառվում է հատուկ ախտորոշիչ բուժակարգ՝ ընդլայնված կոլպոսկոպիա, որի ժամանակ վերցվում է ընդլայնված բիոպսիա։ Իսկ կոլպոսկոպիայի, ցիտոլոգիական հետազոտության մեթոդների և նորագույն ռադիոլալիքային սարքավորման կիրառումը՝ կբացառեն արգանդի վզիկի քաղցկեղի վտանգավոր պաթոլոգիան ժամանակին չհայտնաբերելու հավանականությունը»,- վստահեցրել է Իրինա Ազարյանը։

Հիշեցնենք նաև, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներդրված նորագույն ռադիոալիքային սարքավորման միջոցով գինեկոլոգիական խնդիրների վաղաժամ հայտնաբերման և բուժման նպատակով կարելի է դիմել ինչպես սոցփաթեթի ու բժշկական ապահովագրության շրջանակներում ՝այնպես էլ ապառիկ վճարման համակարգի ՝ ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ: