Խրոնիկական տոնզիլիտ. Հիվանդության հետևանքներն ու բուժման եղանակները
Խրոնիկական տոնզիլիտ. Հիվանդության հետևանքներն ու բուժման եղանակները
Խրոնիկական տոնզիլիտը դա ընդհանուր ինֆեկցիոն հիվանդություն է, քմային նշիկներում ինֆեկցիայի խրոնիկ օջախի տեղակայումով, որը պարբերաբար սրանում է անգինաների տեսքով։
Հիվանդության մասին «Սլավմեդ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ- ականջաբան՝ Քնար Դավթյանի հետ զրույցում, բժշկուհին նշեց, որ խրոնիկական տոնզիլիտի ժամանակ քմային նշիկներից արյան մեջ են անցնում տոքսիններ ինչի հետևանքով օրգանիզմում ինքնաթունավորում է ընթանում, հետևաբար չափազանց կարևոր է հիվանդության ժամանակին բուժումը:
Երբ օրգանիզմի դիմադրողականությունը ընկնում է, քմային նշիկները կորցնում են իրենց պաշտպանական ֆունկցիան, որի հետևանքով նշիկները հանդես են գալիս որպես ինֆեկցիայի խրոնիկ օջախ, հետևաբար նկատվում է հաճախակի անգինաներով հիվանդացություն։
Խրոնիկական տոնզիլիտ հաճախ զարգանում է՝
- Տարած անգինայից հետո
- Կարիոզ ատամների առկայության հետևանքով
- Քթի խոռոչի և հարքթային խոռոչների խրոնիկական բորբոքումների հետևանքով
Ախտանիշներ. խրոնիկական տոնզիլիտի ժամանակ բուժառուները հիմնականում գանգատվում են հաճախակի անգինաներով հիվանդացությունից, բերանում տհաճ հոտից, շուտ հոգնածությունից, հոդացավերից, սուբֆեբրիլ ջերմությունից (37 – 37,5) աստիճան։
Ախտորոշում. իրականացվում է բուժզննման և լաբորատոր հետազոտությունների միջոցով:
Արյան լաբորատոր քննության ժամանակ լինում են նորմայից որոշակի շեղումներ։
Խրոնիկական տոնզիլիտն ունի հետևյալ դասակարգումը
- Հասարակ ձև․ որին բնորոշ են տեղային նշանները և անգինաներով հիվանդացությունը։
- Տոքսիկո ալերգիկ ձև, որի դեպքում ՝
- Io․ կարող է լինել ուղեկցող հիվանդություն (հիպերտոնիա, թիրիոիդիտ․․․)
- IIo․ կարող է լինել ուղեկցող հիվանդություն և խրոնիկական տոնզիլիտի հետևանքով առաջացած բարդություն։ Բարդությունները լինում են տեղային (հարնշիկային թարախակույտ , հարըմպանային թարախակույտ, ֆարինգիտ) և ընդհանուր (սուր և խրոնիկական տոնզիլոգեն սեպսիս, ռևմատիզմ, սրտի ձեռք բերովի հիվանդություններ, հոդերում, երիկամներում և այլ օրգան համակարգերում ինֆեկցիոն ալերգիկ բնույթի փոփոխություններ) ։
Բուժում. երբ դեղորայքային բուժումն անարդյունավետ է, ցուցված է վիրահատական բուժում՝ տոնզիլէկտոմիա։
Սակայն, ինչպես նշեց բժշկուհին, տոնզիլէտոմիան ունի նաև հակացուցումները՝
- Սիրտանոթային համակարգի ծանր հիվանդություններ` արյան շրջանառության II-IIIo անբավարարությամբ
- Երիկամային անբավարարություն` ուրեմիայի վտանգով
- Շաքարային դիաբետ
- Բարձր աստիճանի հիպերտոնիա
- Հեմոֆիլիա և արյան այլ հիվանդություններ
- Անոթային համակարգի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են արունահոսությամբ։
- Փոքր տարիքը (մինչև 4 տարեկան) և 50 տարեկանից բարձր անձինք։
Այս դեպքերում կատարվում է ֆիզիոթերապևտիկ բուժում, որոնցից են նշիկների կրիոթերապիան (նշիկների սառեցումը հեղուկ ազոտի միջոցով), լազերոթերապիան։
Սիրելի՛ հայրենակիցներ. մի անտեսեք հիվանդության ախտանիշները, դիմե՛ք բժշկի, անցեք հետազոտություն: Առավել հեշտ է բուժել հիվանդությունը, քան դրա հետևանքով առաջացած բարդությունները:
Առողջ եղեք