Խրոնիկական տոնզիլիտ. Հիվանդության հետևանքներն ու բուժման եղանակները

Խրոնիկական տոնզիլիտ. Հիվանդության հետևանքներն ու բուժման եղանակները

Խրոնիկական տոնզիլիտը դա ընդհանուր ինֆեկցիոն հիվանդություն է, քմային նշիկներում ինֆեկցիայի խրոնիկ օջախի տեղակայումով, որը պարբերաբար սրանում է անգինաների տեսքով։

Հիվանդության մասին «Սլավմեդ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ- ականջաբան՝ Քնար Դավթյանի հետ  զրույցում, բժշկուհին նշեց, որ խրոնիկական տոնզիլիտի ժամանակ քմային նշիկներից արյան մեջ են անցնում տոքսիններ ինչի հետևանքով   օրգանիզմում ինքնաթունավորում  է ընթանում, հետևաբար չափազանց կարևոր է հիվանդության ժամանակին բուժումը:

Երբ օրգանիզմի դիմադրողականությունը ընկնում է, քմային նշիկները կորցնում են իրենց պաշտպանական ֆունկցիան, որի հետևանքով  նշիկները հանդես են գալիս որպես ինֆեկցիայի խրոնիկ օջախ, հետևաբար նկատվում է հաճախակի անգինաներով հիվանդացություն։

Խրոնիկական տոնզիլիտ հաճախ զարգանում  է՝

  1. Տարած անգինայից հետո
  2. Կարիոզ ատամների առկայության հետևանքով
  3. Քթի խոռոչի և հարքթային խոռոչների խրոնիկական բորբոքումների հետևանքով

Ախտանիշներ. խրոնիկական տոնզիլիտի ժամանակ բուժառուները հիմնականում  գանգատվում են հաճախակի անգինաներով հիվանդացությունից, բերանում տհաճ հոտից, շուտ հոգնածությունից, հոդացավերից, սուբֆեբրիլ ջերմությունից (37 – 37,5) աստիճան։

Ախտորոշում. իրականացվում  է բուժզննման և լաբորատոր հետազոտությունների միջոցով:

Արյան լաբորատոր քննության ժամանակ լինում են նորմայից որոշակի շեղումներ։

Խրոնիկական տոնզիլիտն ունի հետևյալ  դասակարգումը

  1. Հասարակ ձև որին բնորոշ են տեղային նշանները և անգինաներով հիվանդացությունը։
  2. Տոքսիկո ալերգիկ ձև, որի դեպքում ՝
  3. Io․ կարող է լինել ուղեկցող հիվանդություն (հիպերտոնիա, թիրիոիդիտ․․․)
  4. IIo․ կարող է լինել ուղեկցող հիվանդություն և խրոնիկական տոնզիլիտի հետևանքով առաջացած բարդություն։ Բարդությունները լինում են տեղային (հարնշիկային թարախակույտ , հարըմպանային թարախակույտ, ֆարինգիտ) և ընդհանուր (սուր և խրոնիկական տոնզիլոգեն սեպսիս, ռևմատիզմ, սրտի ձեռք բերովի հիվանդություններ, հոդերում, երիկամներում և այլ օրգան համակարգերում ինֆեկցիոն ալերգիկ բնույթի փոփոխություններ) ։

Բուժում. երբ դեղորայքային բուժումն  անարդյունավետ է, ցուցված է վիրահատական բուժում՝ տոնզիլէկտոմիա։

Սակայն, ինչպես նշեց բժշկուհին, տոնզիլէտոմիան ունի նաև հակացուցումները՝

  1. Սիրտանոթային համակարգի ծանր հիվանդություններ` արյան շրջանառության II-IIIo անբավարարությամբ
  2. Երիկամային անբավարարություն` ուրեմիայի վտանգով
  3. Շաքարային դիաբետ
  4. Բարձր աստիճանի հիպերտոնիա
  5. Հեմոֆիլիա և արյան այլ հիվանդություններ
  6. Անոթային համակարգի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են արունահոսությամբ։
  7. Փոքր տարիքը (մինչև 4 տարեկան) և 50 տարեկանից բարձր     անձինք։

Այս դեպքերում կատարվում է ֆիզիոթերապևտիկ բուժում, որոնցից են նշիկների կրիոթերապիան (նշիկների սառեցումը հեղուկ ազոտի միջոցով), լազերոթերապիան։

Սիրելի՛ հայրենակիցներ. մի անտեսեք հիվանդության ախտանիշները, դիմե՛ք բժշկի, անցեք հետազոտություն: Առավել հեշտ է բուժել հիվանդությունը, քան դրա հետևանքով առաջացած բարդությունները:

Առողջ եղեք