Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մոտեցումները

Եթե կինն իր կրծքում որեւէ փոփոխություն է նկատում, շոշափելիս ինչ-որ բան է զգում, ապա անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, նշում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Ակունցը:

Նրա խոսքով՝ բժիշկը խորհրդատվության եւ նախնական բուժզննման ընթացքում հասկանալով խնդիրը կորոշի, թե որ դեպքերում ինչ հետազոտություն է անհրաժեշտ, ըստ որի եւ կնշանակի այս կամ այն ախտորոշիչ հետազոտության տեսակը: Որպես կանոն, տվյալ խնդրի դեպքում հիմնականում կատարվում է կրծքագեղձի ՈՒՁՀ եւ մամոգրաֆիկ հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաեւ պունկցիոն կամ տրեպան բիոպսիա, ինչպես նաեւ համակարգչային տոմոգրաֆիա:

Բժշկի խոսքով, 40 տարեկանն անց կանանց անհրաժեշտ է տարեկան մեկ անգամ այցելել բժշկի հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու կամ հերքելու նպատակով: «Նույնիսկ եթե պարզվել է, որ ուռուցքը քաղցկեղային է, ապա հուսահատվելու կարիք չկա, քանի որ դա այսօր դատավճիռ չէ: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում այսօր իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերում նույնիսկ ամենավաղ փուլերում, որը հնարավորություն է տալիս մեզ իրականացնել հիվանդության արդյունավետ բուժում եւ վերահսկում, ընդ որում ՝ առաջին եւ երկրորդ փուլերում հիվանդությունը կարելի է լիովին բուժել»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Արամ Ակունցը: Ցավոք, հավելեց բժիշկը, մեր քաղաքացիները առողջության կանխարգելման հարցում մի քիչ պասիվ են, եւ բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ հիվանդությունը շատ է զարգացած լինում:

Ինչ վերաբերում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կիրառվող նորագույն վիրաբուժական մեթոդներին, ապա, նրա խոսքով, բուժկենտրոնում կիրառվող ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս հիվանդության առկայության դեպքում կնոջ կուրծքը պահպանել, անհրաժեշտության դեպքում իրականացնելով պլաստիկ վերականգնում ժամանակակից բժշկության վերջին մոտեցումների կիրառմամբ: «Հիվանդության  վաղ փուլերում իրականացվում են օրգանապահպան վիրահատություններ՝ անհրաժեշտության դեպքում բարձրակարգ իմպլանտատների կիրառմամբ»,- ասաց վիրաբույժը:

Եթե կինը ճառագայթային թերապիայի կարիք ունի, բժշկի խոսքով՝ վերականգնումը կատարվում է 2 փուլով: Նախ տեղադրվում է հեղուկով լցված էսպանդեր, որը կարելի է դատարկել, ճառագայթային թերապիա անցկացնել, որից հետո նորից լցնել: Ինչ վերաբերում է ռադիկալ մաստէկտոմիային, մասնագետը նշեց, որ այն այսօր ծայրահեղ դեպքերում է կատարվում, քանի որ դա կնոջ համար շատ տրավմատիկ վիրահատություն է՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով:

Արամ Ակունցի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում տարածվածության աստիճանով այսօր  առաջատարների խմբում է, սակայն կրծքագեղձի քաղցկեղի ապրելիության ցուցանիշն ավելի բարձր է, քան մյուս օրգանների քաղցկեղի դեպքերում: «Իհարկե, նշանակություն ունի նաեւ հիվանդի տարիքը. կինը որքան երիտասարդ է, ուռուցքն այնքան ագրեսիվ է եւ մետաստազների աճն արագ է զարգանում, քանի որ երիտասարդ տարիքում օրգանիզմի վերականգնողական ֆունկցիաները ավելի լավ են գործում, քան տարեցների մոտ »,- ասաց նա:

Բժիշկը կրկին հավելեց, որ եթե Հայաստանում նախկինում հասանելի չէին այս  հիվանդության կանխարգելման եւ բուժման նորագույն մեթոդները, ապա այսօր արդեն ամեն ինչ հասանելի է՝ ամենաբարդ անալիզներից մինչեւ առաջատար վիրաբուժական տեխնոլոգիաներ: «Այստեղ գլխավորը հիվադությունը վաղ փուլերում հայտնաբերելն ու կանխարգելելն է»,- իր խոսքը եզրափակեց վիրաբույժը: