Փոքրիկ Վիկտորյան ծնվել է Ամանորի գիշերը


Փոքրիկ Վիկտորյան պետք է լույս աշխարհ գար 2-4 շաբաթ հետո, սակայն որոշել է ծնվել հենց ամանորյա գիշերը: Ուղիղ կեսգիշերին, երբ նրա հարազատները սեղանի շուրջ ոտքի են կանգնել՝ բաժակը ձեռքներին, աղջկա մայրը զգացել է առաջին ցավերը: Կարճ ժամանակ անց հասկացել է, որ ցավերը կեղծ չեն, իր մոտ ծննդաբերություն է սկսվում: Բարեկամներին արագ շնորհավորելով Ամանորի կապակցությամբ՝ կինը մեկնել է «Սլավմեդ» ծննդատուն, որտեղ հաշվառման մեջ էր և պլանավորում էր ծննդաբերել: Բժիշկների խոսքով՝ երիտասարդ ծննդկանը ծնարանի շեմին է հայտնվել հենց այն պահին, երբ իրենք պատրաստվում էին Նոր տարին նշել: Կնոջ համար դեռ վաղ էր ծննդաբերել, հղիության ժամկետն ընդամենը 36 շաբաթ էր: Ավելին, նա առաջին անգամ պետք է երեխա ունենար: Ինչպես պատմել են NEWS.am Medicine-ին ծննդատան աշխատակիցները, առաջնածինների ծննդաբերությունը սովորաբար մի քանի ժամ է տևում, սակայն այս դեպքում ամեն ինչ զարմանալիորեն արագ ընթացավ. արդեն 20 րոպե անց փոքրիկ Վիկտորյան լույս աշխարհ եկավ: Նա 2840 գրամ էր: Քանի որ աղջիկը վաղածին էր, հունվարի 1-ին և 2-ին նրան պահել են նեոնատոլոգիայի բաժանմունքում անհրաժեշտ օգնություն ցույց տալու և համոզվելու համար, որ նա առողջ է: Եվ այսօր՝ հունվարի 3-ին, Վիկտորյային դուրս են գրել հիվանդանոցից, և նա տուն է վերադարձել մոր հետ միասին: Բժիշկների խոսքով՝ աղջիկն առողջ է և իրեն լավ է զգում: