Ուլտրաձայնային հետազոտություններ 3D և 4D

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ուլտրաձայնային հետազոտության նպատակով կիրառվող սարքավորումը դասվում է ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումների շարքին, քանի որ հագեցած է 3D/4D ուլտրաձայնային համակարգով, որը նոր սերնդի վիզուալիզացիայի լավագույն տեխնոլոգիաներից է:  Հատուկ օպցիաների համակարգն ապահովում է հյուսվածքների պատկերի հստակություն և պարզություն: Սարքը հագեցած է նոր Fly Thru և Inversia հատուկ օպցիաներով, ինչը կարելի է համեմատել վիրտուալ էնդոսկոպիայի հետ, քանի որ այն հնարավորություն է տալիս բժշկին տեսնել ինչպես խոռոչավոր օրգանների, ծորանների, անոթների լուսանցքումները, այնպես էլ նույն օրգանների վիզուալիզացիան դրսի մակերեսից՝ հաղորդելով լրացուցիչ տեղեկություն ուռուցքների և ծավալային գոյացությունների վերաբերյալ:

ՈՒլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) տալիս է  օրգանների և համակարգերի կառուցվածքի ինչպես մորֆոլոգիական, այնպես էլ ֆունկցիոնալ բնութագիրը՝ տրամադրելով որակական և քանակական տվյալներ: Սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել բավականին փոքր գոյացությունները, ճշգրիտ ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը, ստանալ աննշան գոյացությունների և շրջակա հյուսվածքների վերաբերյալ առավել հստակ պատկերներ ու նկարագիր՝ բարձրացնելով ախտորոշման և տարբերակիչ ախտորոշման արդյունավետությունը: Սա հիվանդություններն  ավելի վաղ շրջանում հայտնաբերելու շատ լավ հնարավորություն է: Տվյալ հետազոտության անցավ և բացարձակապես անվտանգ լինելը թույլ է տալիս կատարել այն առանց հետազոտության ժամանակի և քանակի սահմանափակման, լիարժեք վերահսկել հիվանդության ընթացքն ու զարգացումը: «Սլավմեդ» Բժշկական կենտրոնի ՈՒՁՀ բաժանմունքի ռադիոլոգիայի բնագավառում մեծ փորձառություն ունեցող մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, ինչպես նաև մասնակցում հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների՝ հանդես գալով զեկույցներով:

 

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

Սա լեղապարկի, լյարդի, փայծաղի և ենթաստամոքսային գեղձի ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտություն է: Այն թույլ է տալիս ոչ միայն մանրակրկիտ ուսումնասիրել բուժայցելուի որովայնի խոռոչի օրգանների և համակարգերի ֆունկցիոնալ ու անատոմիական առանձնահատկությունները, այլև պարզել առկա շեղումների պատճառահետևանքային կապը՝ հնարավորություն տալով ճիշտ մեկնաբանել հետազոտվող օրգանների վիճակը՝ ըստ հիվանդի գանգատների և հիվանդության կլինիկական պատկերի: Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտության շնորհիվ կարելի է հստակեցնել բոլոր ներքին օրգանների բացարձակ չափսերը, նկարագրել նրանց կառուցվածքը, բացահայտել կամ հերքել բորբոքային օջախների, նորագոյացությունների առկայությունը:

Որովայնի խոռոչի ՈՒՁՀ

Իրականացվում է հետևյալ դեպքերում՝

-լեղաքարային հիվանդություն,

-լյարդի ցիռոզ,

-հեպատիտ,

-քրոնիկական և սուր խոլեցիստիտ,

-քրոնիկական և սուր պանկրեատիտ,

-բարորակ կամ չարորակ նորագոյացությունների առկայություն,

-աորտայի որովայնային հատվածի անևրիզմա:

Որովայնի շրջանում սուր ցավերը նույնպես որովայնի խոռոչի ՈՒՁՀ իրականացման ցուցում են համարվում: Հետազոտության այս տեսակը կարող է կիրառվել նաև իրականացվող բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտության իրականացման ճշգրտությունը շատ կարևոր է, քանի որ աղիներում գտնվող գազերը կարող են վատթարացնել հետազոտվող օրգանների տեսանելիությունը, ինչն էլ կարող է ազդել հետազոտման արդյունքների վրա:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկները խորհուրդ են տալիս որովայնի խոռոչի ՈՒՁՀ իրականացման համար ընտրել առավոտյան ժամերը և այցելել քաղցած: Այն դեպքերում, երբ հետազոտությունը պետք է կատարվի օրվա երկրորդ կեսին, խորհուրդ է տրվում առավոտյան թեթև նախաճաշել. կարևոր է, որ հետազոտության և սննդի ընդունման միջև լինի վեցժամյա ընդմիջման պահպանում:

 

ՈՒլտրաձայնային հետազոտություն մանկաբարձության մեջ և գինեկոլոգիայում

Հետազոտությունը հնարավորություն է տալիս հաստատել հղիությունն ամենավաղ շրջանում, ուսումնասիրել պտղի անատոմիան, ընդհանուր վիճակը, իրականացնել նախածննդյան ախտորոշում, ֆոլիկուլոմետրիա, արգանդ-պլացենտա-պտուղ համալիրի անոթների դոպլերոմետրիա, ախտորոշել արգանդի և ձվարանների հիվանդությունները, հետազոտել փոքր կոնքի օրգանները:

ՈՒլտրաձայնային հետազոտություն երիկամների և միզուղիների հիվանդությունների ժամանակ

Հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել երիկամներում հեղուկ պարունակող գոյացությունները, երիկամների ուռուցքները, հիդրոնեֆրոզը, միզաքարային հիվանդությունները, միզածորաններում և բաժակ-ավազանային համակարգում հայտնաբերել կոնկրեմենտները, իսկ դոպլերոգրաֆիայի կիրառումը թույլ է տալիս հետազոտել երիկամային անոթների վիճակը:

ՈՒլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել ինչպես միզապարկի և միզածորանների լուսանցքում գտնվող քարերը, այնպես էլ միզածորանի իջեցումներն ու միզապարկի ուռուցքները:

ՈՒլտրաձայնային հետազոտությունն ամորձիների, ամորձապարկի և շագանակագեղձի հիվանդությունների վարիկոցելեի ժամանակ հնարավորություն է տալիս ախտորոշել սերմնալարի երակների լայնացումը, ինչպես նաև որոշել արյունահոսքի խանգարման աստիճանն ամորձու ոլորման ժամանակ: Ամորձու ուռուցքի ախտորոշման համար ուլտրաձայնային հետազոտությունն անփոխարինելի մեթոդ է, որի օգնությամբ հնարավոր է արձանագրել արյան շրջանառության առկայության հանգամանքը ամորձապարկի վնասվածքների դեպքում: Շագանակագեղձի հիվանդությունն ախտորոշելու համար կատարվող ՈՒՁՀ-ն թույլ է տալիս հայտնաբերել ախտահարման օջախը, որոշել շագանակագեղձի չափերը, ինչը փոխանցում է կարևորագույն տեղեկատվություն շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ադենոմա) և քաղցկեղի վաղ հայտնաբերման վերաբերյալ:

ՈՒՁՀ միջոցով կարելի է հայտնաբերել առնանդամի արյունահոսքի խանգարումը, որոշել արյունամատակարարման աստիճանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am