Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել թե՛ամբողջական, թե՛տեղային անզգայացման բոլոր տեսակները: Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է սարքավորումների թիվը, ներդրվում են համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն սարքավորումները, որոնք կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում կիրառել շնչառական, ախտորոշիչ սարքավորումներ, մոնիտորներ, որոնք միաժամանակ և՛ ֆիքսում, և՛ ախտորոշում են հիվանդի կենսական ցուցանիշները: Բաժանմունքը հագեցած է նաև ժամանակակից դեղամիջոցներով` հիվանդների բազմակողմանի կլինիկական հետազոտման, ախտորոշման և նրանց բուժօգնություն ցույց տալու համար: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս ապահովել շուրջօրյա բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների անհրաժեշտության դեպքերում: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:
Բաժանմունքի տեխնիկական հագեցածությունը թույլ է տալիս նաև կազմակերպել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կենսական կարևոր ֆունկցիաների պահպանումն ու վերահսկումը: Սեփական էքսպրես-լաբորատորիան կատարում է բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են հիվանդի կյանքը փրկելու համար արագ և արդյունավետ կլինիկական որոշում կայացնելիս:
Բաժանմունքը հագեցած է թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներով, ինչպես մեծահասակների, այնպես էլ նորածինների դեֆիբրիլյատորներով` սինխրոնիզացիայի և ավտոմատ դեֆիբրիլյացիա իրականացնելու հնարավորությամբ, հիվանդի համար նախատեսված հատուկ մոնիտորներով, որոնց միջոցով հնարավոր է մշտադիտարկել կենսական նշանակության մի շարք ցուցանիշներ` ճնշում, սրտի զարկեր, սրտի ռիթմ, հյուսվածքների հագեցվածություն թթվածնով: Սարքավորումներն արձանագրում են ցանկացած շեղում, հաղորդում են համապատասխան ձայնային ազդանշան և անհապաղ միջոցներ են ձեռնարկվում: Բաժանմունքում ներդրված է նաև դեղորայքի ավտոմատ ներարկման համակարգ` հիվանդներին տրվող դեղորայքն առավել ճշգրիտ դոզավորելու նպատակով:
Անզգայացում և ինտենսիվ թերապիա
Բաժանմունքում ներդրված են անզգայացման և ինտենսիվ թերապիայի բոլոր ժամանակակից մեթոդները, կիրառում են ընդհանուր և ռեգիոնար անզգայացման բոլոր եղանակները: Կեսարյան հատման ժամանակ նախապատվությունը տրվում է ողնուղեղային ցավազրկման մեթոդին, քանի որ այս մեթոդը հնարավորություն է տալիս զրոյական մակարդակի հասցնել դեղորայքային ազդեցությունը պտղին: Ցավազրկման մեթոդի ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր ծննդկանի համար անհատապես՝ բժիշկ-անէսթեզիոլոգի և ծննդաբերությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի համատեղ որոշմամբ:
Ծննդաբերության ցավազրկման նպատակով լայնորեն կիրառվում է նաև երկարատև էպիդուրալ անզգայացման մեթոդը, ինչը հնարավորույթուն է տալիս հղիին ցավ չզգալ ողջ ծննդաբերության ընթացքում: էպիդուրալ ցավազրկումը հիմնականում կատարվում է հղիների ցանկությամբ և բժշկական մանկաբարձական ցուցումների համապատասխանության դեպքում:
Բաժանմունքում իրականացվում է ծայրահեղ ծանր հիվանդների բուժում՝ անկախ էթիոլոգիայից: Բաժանմունքի աշխատանքի առաջնահերթ ուղղություններն են հետևյալ ախտաբանությունները՝
-մանկաբարձական սեպսիս, մանկաբարձական արյունահոսություն և գինեկոլոգիական բարդություններ,
-նյարդաբանական վնասվածքներ,
-ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ,
-գլխուղեղի հետհիպօքսիկ ախտահարումներ,
-սեպսիս և բազմաօրգանային անբավարարություն,
-ներհիվանդանոցային կամ ծանր արտահիվանդանոցային թոքաբորբեր,
-կենտրոնական նյարդային համակարգի վարակներ,
-ծանր որովայնամզաբորբեր (պերիտոնիտներ) և վիճակ՝ ռելապարատոմիայից հետո:
Շնչական համաճարակների ժամանակ կամ նոր վարակի առաջացման սպառնալիքի դեպքում հենց այստեղ են հոսպիտալացվում ծանր հիվանդները, ովքեր պոլիվալենտ ինտենսիվ թերապիայի կարիք ունեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211, թեժ գիծ՝ 8558
Հետադարձ կապ՝ info@slavmed.am