Նորածնի ինտենսիվ թերապիա
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում ներդրված են ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող լուրջ բարդությունները և ապահովել վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքի պայմաններ նույնիսկ ամենաբարդ դեպքերի ժամանակ` նպաստելով նրանց կյանքի որակի բարձրացմանը:
Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքն ապահովված է նորածնային խնամքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով`ճառագայթային տաքացուցիչ, կյուվեզ, ինֆուզոմատ, ֆոտոթերապիայի լամպ, էլեկտրական արտածծիչ սարք, ռեսպիրատոր թերապիայի համար նախատեսված ժամանակակից սարքավորումներ (արհեստական շնչառության և շնչուղիներում շարունակական դրական ճնշում ապահովող ապարատներ, T-աձև վերակենդանացման սարք), օքսիգենաթերապիայի համար նախատեսված սարքավորումներ (կենտրոնացված թթվածին, թթվածնի հոսքաչափեր, թթվածնային բլենդերներ, խոնավացուցիչներ, թթվածնային վրաններ և այլն), ունիվերսալ մոնիտորներ, որոնք իրականացնում են սրտի զարկերի և շնչառության հաճախության, մարմնի ջերմաստիճանի, արյան թթվածնային հագեցվածության մոնիտորինգ, չափում են նորածնի զարկերակային ճնշումը, ինչպես նաև թույլ են տալիս կատարել էլեկտրասրտագրություն:
Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հագեցած է նաև սեղմված օդի կենտրոնացված և անհատական աղբյուրներով, կենտրոնական վակուում արտածծման համակարգով, կենտրոնացված օդափոխիչ և օդի ջերմաստիճանը կարգավորող համակարգերով:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքն իրականացնում է երկրորդ մակարդակի բուժծառայություն նույն կենտրոնի ծննդատան շրջանակներում: Այն ներառում է ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ նորածինների խնամք իրականացնող կառուցվածքային միավորներ: Բաժանմունքն ապահովում է շուրջօրյա հերթապահություն:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում իրականացվում է ինչպես պետական պատվերի ողջ փաթեթի շրջանակներում, այնպես էլ այդ շրջանակից դուրս ծառայություններ, հետազոտություններ և սկրինինգներ: Վերջիններիս թվին են պատկանում նորածինների կոնքազդրային հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը, պուլսօքսիմետրիայի սկրինինգը` սրտի բնածին հիվանդությունների հայտնաբերման նպատակով: Ապահովվում է նաև խորհրդատվություն դուրս գրումից հետո: Վերը նշված բոլոր ծառայությունները և հետազոտություններն անխտիր կատարվում են անվճար` պետական պատվերի շրջանակներում ֆինասավորման և «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բարի կամքի դրսևորման շնորհիվ:
Նորածնային ծառայության պատշաճ որակի ապահովման համար շատ մեծ է նաև հարակից լաբորատոր և գործիքային հետազոտություններ իրականացնող ծառայությունների դերը, որոնք շուրջօրյա ռեժիմում ապահովում են` արյան ընդհանուր քննություն, արյան մեջ գլյուկոզայի և բիլիռուբինի մակարդակի, թվային ռենտգենաբանական քննություններ, տարբեր օրգան համակարգերի ուլտրաձայնային հետազոտություն, արյան ստերիլություն: Անհրաժեշտության դեպքում այս ցանկը կարող է համալրվել ավելի բարդ, խորացված և սպեցիֆիկ հետազոտություններով:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ընդհանրապես, և նորածնային բաժանմունքում մասնավորապես, քաջ գիտակցում են, որ բոլոր սարքավորումները և գործիքային հետազոտությունները դրական արդյունք կարող են ապահովել միմիայն արհեստավարժ բուժաշխատողների շնորհիվ, ուստի կենտրոնի քաղաքականության անկյունաքարերն են ապացուցողական բժշկությունը, բուժաշխատողների հմտությունների և գիտելիքների անընդհատ կատարելագործումը, բուժաշխատողների և հիվանդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտի ձևավորումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am